Արտահայտիչ ու անաղարտ հայոց լեզվին այսօր փոխարինում է հասարակ, անհետաքրիր, գեղարվեստական արժեքից զուրկ լեզուն (տեսանյութ)


Արտահայտիչ ու անաղարտ հայոց լեզվին այսօր փոխարինում է հասարակ, անհետաքրիր, գեղարվեստական արժեքից զուրկ լեզուն (տեսանյութ)

  • 22-02-2018 17:16:31   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայ մտավորականությունն այսօր պետք է համաձույլ պայքարի հանուն մայրենի լեզվի անաղարտության: 
 
Այս մասին Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ կայացած ասուլիսի ժամանակ նշեց Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: 
 
Ըստ նրա՝ Մայրենի հայոց լեզուն հղկվել, բյուրեղացել և իր կատարելությանն է հասել հայ պատմագրության և հատկապես գեղարվեստական գրականության էջերում: 
 
«Մեր բոլոր դասական գրողները մի յուրօրինակ փայլ են հաղորդել այն շքեղ լեզվին, որ պատմությունը մեզ է ընծայել: Հայոց լեզվի հղկման ճանապարհին շատ մեծ դեր է կատարել նաև արվեստը. Հիշենք հայ կինոն, որը նպաստեց հայոց լեզվի զարգացմանը»,- ընդգծեց Ա. Ափինյանը՝ ցավով փաստելով, որ այսօր նշված բոլոր բնագավառներում նահանջ է արձանագրվում: 
 
Համահայկական գրողների միության նախագահի խոսքերով՝ ոսկեղնիկ, արտահայտիչ ու անաղարտ հայոց լեզվին այսօր փոխարինում է հասարակ, անհետաքրիր, շարքային, գեղարվեստական արժեքից զուրկ, անհրապույր լեզուն: 
 
Ստեղծված իրավիճակն Ա. Ափինյանը մտահոգիչ է համարում, իսկ որպես ելք՝ տեսնում է այն, որ ստեղծագործական միությունները պետք է պատասխանատու լինեն տպագրվող նյութերի, թերթերի, գրքերի ու ամսագրերի էջերում օգտագործվող հայոց լեզվի անաղարտությունը պահպանելու համար: 
 
«Յուրաքանչյուր սերունդ պարտավորություն ունի ոչ միայն մաքուր պահել մայրենի լեզուն, այլև ժամանակին համահունչ այն դարձնել ավելի շքեղ ու գեղեցիկ: Այսօր այդ պարտավորությունը մենք չենք կատարել: Սերիալներում աղավաղվում, աղճատվում ու փչացվում է հայոց լեզուն»,- փաստեց նա՝ շեշետելով, որ հայոց լեզվի անաղարտության պահպանման գործում իրենց անելիքն ունեն նաև զանգվածային լրատվության միջոցները՝ ի դեմս լրագրողների, հասարակական և քաղաքական գործիչները: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play