Վարչապետն ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարարին


Վարչապետն ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

  • 22-02-2018 18:40:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը տարբեր միջազգային հարթակներում և, հատկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ու պետք է աշխատել այս դրական միտումը նաև առևտրատնտեսական ոլորտում տարածելու ուղղությամբ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Մադագասկարի գործարարների մասնակցությունը հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում կազմակերպվող գործարար համաժողովին: Վարչապետը նշել է, որ մեր երկրում ներկայում բավական նպաստավոր տնտեսական իրավիճակ է ձևավորվել ներդրումային ծրագրերի համար, և լավ հնարավորություններ կան՝ ոչ միայն հայաստանյան, այլև երրորդ շուկաներ մուտք գործելու և բիզնես գործունեություն ծավալելու համար: 
 
Մադագասկարի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է առաջին քրիստոնյա երկիր իր այցելությամբ: Նրա խոսքով՝ Մադագասկարը ողջունում է և հնարավորինս նպաստել է, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն անցկացվի Հայաստանում: Անրի Ռաբարի-Նձական նշել է, որ իր երկրի նախագահի հոկտեմբերին Հայաստան ակնկալվող այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: Ռաբարի-Նձական առաջարկել է նաև իր երկիրը դիտարկել՝ որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ: 
Վարչապետը ողջունել է Մադագասկարի կառավարական պատվիրակության առաջին այցը Հայաստան և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ աշխատել երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play