Հայաստանում է Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը


Հայաստանում է Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը

  • 23-02-2018 15:00:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:
 
Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Լևան Կակավան, Կենտրոնական  քրեական ոստիկանության դեպարտամենտի պետ Թոռնիկե Մուշկուդիանին,  այլ պաշտոնատար անձինք:
 
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին ընդունեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը:
 
Այնուհետև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության հետ:
 
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծելով  առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը:
 
Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Գախարիան համոզմունք հայտնեց, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:
 
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորեց երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը:
 
 Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն