Արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին


Արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին

  • 23-02-2018 23:38:43   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը:
Նա այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գան համաձայնության եւ զիջման, որը կլինի իրատեսական, եւ ամենակարեւորը, արդար:
«Ես բազմիցս ասել եմ, որ արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Ես վերջերս նույնիսկ խոսել եմ այն մասին, որ իրականում Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը հռչակվեց որպես անկախ պետություն, եւ ոչ ոք պատշաճ ուշադրություն չդարձրեց այն փաստին, որ այդ ժամանակ, փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի տարածքն իր վերահսկողության տակ չէր, այսինքն՝ դե ֆակտո չէր ղեկավարվում Բաքվից: Դա ուշադրության չարժանացավ Բաքվում, ինչը թույլ է տալիս այժմ հայտարարելու, որ այդ տարածքը իրենցն է, սակայն Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել: Եվ այն հիմնավորումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը պահանջում է տարածքները, խոցելի են եւ անիրական հենց իրական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:
Փետրվարի 19-ին Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: Հարցին, թե արդյոք միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդող արձագանքի բացակայությունը Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին չի խրախուսում նոր պատերազմի բռնկում, ռուս քաղաքական գործիչը պատասխանեց.
«Ինձ թվում է, որ միգուցե միջազգային հանրությունը մեղավոր է, որ մատների արանքով է նայում Ադրբեջանի անվերջ հայտարարություններին, եւ շատ հայտարարություններում արժեզրկում է իր ասածը, այնուամենայնիվ, կարծում եմ՝ 2016 թվականի իրադարձությունները ստացան պատշաճ գնահատական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այլ հարց է, որ չկար հստակ հրապարակային դատապարտում, դա փաստ է, բայց կարծում եմ՝ համանախագահները մտածել են, որ նման կերպ վարվելով՝ կհայտնվեն բավականին դժվար իրավիճակում հետագա բանակցային գործընթացում: Ինձ թվում է՝ սրանով են առաջնորդվել, երբ ավելի հավասարեցված արձագանք են տվել, հենց ուղղակիորեն չեն մեղադրել Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման համար: Սակայն փաստն այն է, որ նման հստակ հայտարարություն չկար համանախագահների կողմից, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի»,-ընդգծեց նա:
Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ հայտարարությունները հիմնականում սահմանափակվում էին ուժի չկիրառման մասին հորդորով, որը փաստացիորեն կարելի էր դիտարկել որպես դատապարտում Ադրբեջանի գործողություններին:
«Հայտարարությունները այն մասին էին, որ հակամարտությունը երկար տարիներ չի կարգավորվել, անընդունելի է ուժի կիրառումը: Այո, Ադրբեջանին անարգանքի սյունին չգամեցին, այդ թվում՝ որովհետեւ մինչ այժմ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները: Գիտենք, որ Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին՝ դրան զուգահեռ ամենուր հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Եվ հավանաբար, հաշվի առնելով այսքան տարվա բանակցությունների ընթացքում կուտակված նման դժվար հանգամանքները՝ կարելի է եզրակացնել, որ հենց դա հետ պահեց պաշտոնական շրջանակներին հասցեական գնահատականից: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այն անկախ մարդկանց կարծիքներին, ովքեր կապված չեն միջնորդական պարտավորվածությունների հետ, ապա դրանք Ռուսաստանում շատ հստակ էին: Մեզ համար հասկանալի էր, թե ով է սկսել այդ ռազմական գործողությունները: Մենք նույնիսկ վերջերս հետաքրքրությամբ իմացանք նախագահ Ալիեւի պատմական հայացքների մասին»,-ասաց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ բազմիցս հնչեցրել է իր կարծիքը որպես պատգամավոր, ով կախված չէ ինչ-ինչ միջնորդական գործունեությունից, եւ ինչը նրան թույլ է տալիս իրերն իրենց անուններով կոչել:
 
Աղբյուրը` Armenpress.am
 
Նոյյան տապան  -   Քաղաքական