Ընկերության տնօրենը ոսկու կորզման նպատակով փոխել է Այրք գետի հունը և վնասել հողի բերրի շերտը.«Հետք»


Ընկերության տնօրենը ոսկու կորզման նպատակով փոխել է Այրք գետի հունը և վնասել հողի բերրի շերտը.«Հետք»

  • 26-02-2018 12:36:12   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am «Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիք Արզոյանը 2013թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի Մասրիկի կենտրոնական տեղամասում առանց ընդերքօգտագործման թույլտվության ընկերությանը պատկանող տեխնիկայով փոխել է Այրք գետի հունը։ 
 
Տնօրեը ցրոնային ոսկու կորզման նպատակով է փոխել գետի հունը, ջուր բերելով ապարների լվացման համար, ինչի հետևանքով վնասել է հողի բերրի շերտը, շրջակա միջավայրին պատճառելով 3,326,414 դրամի նյութական վնաս: 
 
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը Այրք գյուղից դեպի հյուսիս ոսկու ցրոնային հանքերևակման հանքաքարի արդյունահանման և մշակման անօրինական աշխատանքների կատարելու փաստի առթիվ գրություն էր ուղարկել իրավապահ մարմիններին:
 
Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին: Սակայն, հետագայում պարզվել է, որ անցել են վաղեմության ժամկետներն և 2016թ. դեկտեմբերի 25-ին քրեական գործի վարույթը կարճվել է:
 
Գեղարքունիքի մարզի մարզի դատախազությունը այս տարվա հունվարի 24-ին գումարի բռնագանձման պահանջով, ընդդեմ Ավետիք Արզոյանի, հայցադիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատախազությունը որոշել է քաղաքացիական հայցով վերականգնել շրջակա միջավայրին պատճառված 3,326,414 դրամի նյութական վնասը:
 
Դատախազության միջնորդությամբ արգելանք է դրվել Ավետիք Արզոյանի գույքի և դրամական միջոցների վրա:
 
Ըստ հարկային մարմնի՝ «Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
 
Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Դատախազությունը (այդ թվում՝ զինվորական) պետությանը, շրջակա միջավայրին պատճառված վնասի վերականգնման համար ընդդեմ քաղաքացիների 6 հայցադիմում է ներկայացրել դատարաններ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը