Իրանը համարժեք միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը դուրս գա իրանական միջուկային ծրագրի շուրջ ԳՀՀԾ-ից
26-02-2018 15:05:58 | Իրան | Քաղաքական
Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) համարժեք միջոցներ ձեռք կառնի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը դուրս գա իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ):
Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին Թեհրանում կայացած հեթական ճեպազրույցի ընթացքում:
«ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք համարժեք միջոցներ կձեռնարկենք՝ գործի դնելով մեր ունեցած բոլոր ռեսուրսները»,-ասել է Գասեմին՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը շահագրգրված է ԳՀՀԾ-ի պահպանմամբ, սակայն «ԱՄՆ-ը գործում է Իրանի շահերին հակառակ»:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի հասցեին արված բոլոր հարձակումներն անհիմն են և ուժ չունեն:
Նշենք, որ Իրանը և միջազգային բանակցորդների վեցնյակը 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատև բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը և սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: