Սամվել Ֆարմանյանը բացառում է նոր Մարտի 1-ը․168.am


Սամվել Ֆարմանյանը բացառում է նոր Մարտի 1-ը․168.am

  • 01-03-2018 18:35:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am «Մեր հավաքական շահերը, ինչպիսին էլ լինի յուրաքանչյուրի անձնական գնահատականը, այնքան էական չէ, որքան այն ճշմարտությունը, որը հանրային գիտակցության մեջ նստած է:

 
Իսկ դա այն է, որ պետք է հասկանալ, թե ինչ հանգամանքներ կային, իմ պատկերացմամբ` դա քաղաքական համակարգի խափանման արդյունք էր, մեկ ուրիշ գործիչ կարող է դա մեկնաբանել՝ որպես սահմանադրականության պակասի հետևանք, երրորդը` որպես հանրության ներսում բաժանարար գծերի անհանդուրժողականության և ատելության թույլատրելիից ավելի բարձր գտնվող մի կոնդիցիայի հետևանք, սրանից իրականությունը չի փոխվում:
 
Եթե մենք` որպես հասարակություն` իր ամբողջ թևերով, և՛ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես ԶԼՄ-ներ, մենք չսերտենք ամենակարևոր դասը, որ մենք դատապարտված ենք բացառելու նոր բաժանարար գծերի առաջացումը մեր հանրության ներսում, ատելության ու փոխադարձ անհանդուրժողականության կրկնությունը, ինչին մենք ականտես եղանք այդ պատմության ամբողջ ընթացքում: Սա է պատմության ամենամեծ դասը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` խոսելով Մարտի 1-ի դասերի մասին:
 
Ըստ նրա` բիրտ և հակասահմանադրական ուժի կիրառումը հանուն որևէ նպատակի, այդ թվում` հանուն իշխանության, կատարելապես անընդունելի է. «Ես առավել քան հուսով եմ, որ ՀՀ որևէ իշխանություն պատմական որևէ իրավիճակում երբևէ անգամ մտքով չի անցկացնի, որպես կուտակված կամ գոյություն ունեցող քաղաքական խնդիրների հանգուցալուծում՝ դիտարկել նման հնարավորությունը:
 
Նման լավատեսության հիմքն այսօրվա իշխանության քաղաքական տիրապետող որակներն են որոշումների կայացման տեսանկյունից, և այն ճկուն մեխանիզմները, որ առկա են նոր Սահմանադրության մեջ և որը, եթե ուղեկցվում է կայուն քաղաքական կամքով, բացառելու է նման ճգնաժամային հանգուցալուծում»:
 
Երկիրը երրորդ անգամ ղեկավարելու` Սերժ Սարգսյանի հավակնությունները խափանելու համար Ազատության հրապարակում հնարավոր նոր զարգացումների վերաբերյալ Ս.Ֆարմանյանը նշեց, որ ձեռնպահ կմնա գնահատական հնչեցնել ընդդիմության ձեռագրի նպատակահարմար, արդյունավետ լինել-չլինելու վերաբերյալ. «Դա տվյալ քաղաքական ուժի որոշելիքն է, իր օրակարգը: Բայց հայաստանյան ժողովրդավարությունը` իր բոլոր թերություններով հանդերձ, հատել է մի այնպիսի սահմանագիծ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր կազմակերպություն ազատ է իր տեսակետներն օրինականության շրջանակներում արտահայտելու, այդ թվում` նաև Ազատության հրապարակում»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը