Նախարարն ընդունել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը


Նախարարն ընդունել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը

  • 01-03-2018 18:50:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 1-ին հյուրընկալել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը՝ Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
 
Պատվիրակության կազմում ընդգրկված էին բելառուսական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղված են ճանապարհաշինության, սպասարկող տեխնիկայի արտադրության և տրանսպորտային համակարգերի ավտոմատացման ոլորտներում:
 
Նախարարը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ քննարկման ընթացքում և հաջորդիվ կուրվագծվեն համագործակցության ուղիներ այս ոլորտներում: 
 
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում ճանապարհաշինական և տրանսպորտային բարեփոխումներին վերաբերող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, նշել այն ուղղությունները, որով հնարավոր է գործակցություն բելառուսական ընկերությունների հետ:
 
Մասնավորապես, նա անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքներ պարունակող 70կմ-անոց հատվածի շիննախագծին, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով: 
 
Նախարարն առաջնահերթ ընդգծել է միասնական տրանսպորտային ցանցի ներդրման նախագիծը, որը կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը: 
 
Հյուրերը ներկայացրել են բելառուսական ընկերության նախագծած համակարգը, որով ուղևորավարձի վճարումը լիովին ավտոմատացված է. աշխատում է քարտային՝ առանց կոնտակտի սկզբունքով, հնարավորություն է տալիս ղեկավարել երթուղիները և մեծացնել դրանց արդյունավետությունը: Ընկերությունը առաջարկում է ոչ միայն ծրագրային լուծում, այլև տրանսպորտի կահավորման համար անհրաժեշտ սարքավորումներ: 
 
Նախարարը բելառուսական ընկերություններին առաջարկել է մասնակցել օպերատորի ընտրության մրցույթին: 
 
Զրույցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 2-ին հանդիպում կազմակերպել պատվիրակության և հայաստանյան շահագրգիռ ընկերությունների հետ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play