Իրաքն ուզում է երկրից դուրս հանել ամերիկյան զինուժին` շատ լավ հասկանալով նրա վտանգավորությունը, իսկ պաշտոնապես պատճառաբանելով, որ արդեն ավելորդ են


Իրաքն ուզում է երկրից դուրս հանել ամերիկյան զինուժին` շատ լավ հասկանալով նրա վտանգավորությունը, իսկ պաշտոնապես պատճառաբանելով, որ արդեն ավելորդ են

  • 01-03-2018 22:29:47   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Այս տարվա փետրվարի 5-ին «Associated Press» գործակալությունը հայտնեց, որ «Իրաքի կառավարության ու Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում ԱՄՆ-ն Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո կրճատել է իր զինծառայողների թիվը»:
Իրաքի կառավարության խոսնակ Սաադ Ալ-Հադիսին նույնպես հաստատել է, որ «Իսլամական պետության» կրած պարտությունից հետո Միացյալ Նահանգներն աստիճանաբար նվազեցրել է Իրաքում գտնվող իր զինծառայողների թիվը: Ամերիկացի զինծառայողների մի խումբ շուրջ 1 ամիս առաջ հեռացել է Իրաքից, իր զինտեխնիկայով տեղափոխվել Աֆղանստան: 
Իրաքում ԻԼԻՊ-ի պարտության մասին հայտարարությունից հետո այդ երկրի որոշ պաշտոնյաներ ու քաղաքական խմբեր ԱՄՆ-ից պահանջել են վերջ տալ Իրաքում իր ռազմական ներկայությանը, ինչը նշանակում է, որ նրանց չի բավարարում ամերիկյան զինուժի մասնակի դուրս բերումը երկրից:
Ենթադրվում էր, որ Իրաքում խորհրդարանական ընտրություններից հետո մայիսին ձևավորվելիք կառավարությունը կարող է ԱՄՆ-ից պահանջել, որ վերջինս իր զորքերն Իրաքից լիովին դուրս հանի: Սակայն, դա անհրաժեշտ է համարել Իրաքի նույնիսկ ներկայիս խորհրդարանը, որն այսօր հանդես է եկել այդ երկրից օտարերկրյա ուժերի դուրս բերման ժամանակացույց կազմելու կոչով:
Իրաքի խորհրդարանն այսօր գումարած նիստում այդ երկրի կառավարությունից պաշտոնապես պահանջել է Իրաքից օտարերկրյա, մասնավորապես` ամերիկյան ուժերի դուրս բերման ժամանակացույց կազմել:
Ամեն ինչ հասկանալի է. ամերիկացի զինվորականներն ինչպես ամենուր, Իրաքում ևս հասցրել են արժանանալ տեղի բնակչության ատելությանը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը, ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով, վերջին տարիներին ոչ միայն Սիրիայում և Աֆղանստանում, այլ նաև Իրաքում բազմիցս հարձակումներ է իրականացնել խաղաղ բնակչության դեմ: Բազմաթիվ դեպքերից հիշենք ընդամենը մեկը, որը տեղի է ունեցել այս տարվա հունվարի վերջին:
Իրաքի Ալ-Անբար նահանգի արևմտյան հատվածում, Ալ-Բաղդադի շրջանում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել է մոտ 20 իրաքցի: Լիբանանյան «Ալ- Մայադին» հեռուստատեսային ցանցի հաղորդման համաձայն, հունվարի 27-ին Իրաքի Ալ-Բաղդադի շրջանում ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռի հարձակման հետևանքով` ուղղված մի շարք իրաքյան քաղաքացիական և անվտանգության մեքենաների դեմ, զոհվել է իրաքյան անվտանգության և ժողովրդական ուժերի 7 զինծառայող, ևս 11-ը վիրավորվել է: ԱՄՆ-ի ու նրա ղեկավարած կոալիցիայի օդային ու հրթիռային հարվածների հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել նաև խաղաղ բնակչության շրջանում:
2017թ. նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների ղեկավարած, այսպես կոչված, հակաիլիպական կոալիցիան հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում 2014 թվականից ի վեր սպանվել է առնվազն 800 խաղաղ բնակիչ (կարծես իրենք իրենց սպանվել են…): Սակայն, ինչպես տեղեկացրել է «Airwars» խումբը, Իրաքում և Սիրիայում սպանվածների իրական թիվը 5691-ն է: Դա դեռ` այն ժամանակ, հիմա այդ թիվն ավելի մեծ է:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական