Հայ փրկարարները վերապատրաստվում են Սանկտ Պետերբուրգում


Հայ փրկարարները վերապատրաստվում են Սանկտ Պետերբուրգում

  • 05-03-2018 14:00:33   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս օրերին ՌԴ ԱԻ նախարարության Սանկտ Պետերբուրգի պետական հակահրդեհային ծառայության համալսարանում մեկնարկել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման դասընթացները:
 
ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Երևանի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների 10 հրամանատար մասնակցում է «Արտակարգ իրավիճակի գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը խաղաղ և պատերազմի ժամանակ» թեմայով երկշաբաթյա դասընթացին, որը նախատեսված է ղեկավար պաշտոն զբաղեցնող փրկարար ծառայողների համար:
 
Դասընթացները կազմակերպվում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի և ՌԴ ԱԻՆ Սանկտ Պետերբուրգի պետական հակահրդեհային ծառայության համալսարանի միջև համագործակցության շրջանակում ու շարունակական են լինելու:
 
Առաջիկա ամիսների ընթացքում բազմաթիվ հայ փրկարարներ կվերապատրաստվեն վերնշյալ համալսարանում անցկացվող ճգնաժամային կառավարման թեմաներով այլ դասընթացների, կծանոթանան նորարարական հրշեջ տեխնիկային, կմասնակցեն հրդեհաշիջման տակտիկական պարապմունքների և բարդ պայմաններում վթարափրկարարական աշխատանքների կազմակերպման գործնական աշխատանքների:
 
Նշենք, որ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից փրկարար ծառայողների համար կազմակերպվել էին ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման դասընթացներ, որոնց շրջանավարտներին նախատեսված էր գործուղել ՌԴ՝ կատարելագործելու մասնագիտական հմտությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն