Օրինաչափ սայթաքումներ...


Օրինաչափ սայթաքումներ...

  • 05-03-2018 17:33:59   | Իրան  |  Վերլուծություն

Հայաստանի պետութեան ու պետականութեան հեղինակութեանն ու հանրային վարկանիշի բարձրացմանը սպասարկող իշխանական-կառավարական միաւորները, անկախութեան վերականգնումից 27 տարիների ընթացքում եթէ ոչ ռազմավարական միտումնաւոր, ապա՝ մարտավարական որոշում-քայլերում ՕՐԻՆԱՉԱՓՕՐԷՆ թոյլ են տւել սխալներ ու սայթաքումներ: Օրինաչափօրէն, քանզի աշխարհի նոյնիսկ ամենաառաջադէմ ու ոչ նորանկախ-կայացած պետական ներկայացուցչութիւնները՝ կառավարութիւն-իշխանութիւններն իսկ զերծ չեն նման սայթաքումներից: Այլապէս՝ ցանկացած երկրի քաղաքական-հասարակական կեանքում անիմաստ կը դառնար ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ երեւոյթն ու հասկացութիւնը…:
 
Շւէյցարիայում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները շուրջ 10 տարի անց, օրերս չեղարկւեցին ՀՀ նախագահի որոշում-վճիռով:
 
10 տարւայ հեռաւորութիւնից մինչ այս, ողջունելուն զուգահեռ հարկաւոր է արձանագրել, որ 2009-ի արձանագրութիւններին ընդդիմացողների կողմից (յաճախ էմոցիոնալ դրսեւորումներով) բարձրաձայնւած իշխանութիւնների մարտավարական-դիւանագիտական սայթաքումը այլեւս սրբագրւած-անցած էտապ է: Անցած, բայց ձեռքբերւած արժէքաւոր փորձառութիւն՝ նոյն դիւանագիտական ասպարէզում: Ահա եւ՝ այդ եւ միւս ասպարէզներում էլ քայլ առ քայլ (սայթաքումներով հանդերձ) պետականօրէն կայանալու, փորձառւելու անվիճելի օրինաչափութիւն:
Տւեալ դէպքում, դասն ու փորձառութիւնը լոկ Հայաստանին ու նրան ներկայացնող իշխանութիւններին վերագրելը, արդար չէր լինի: Հարկաւոր է, որպէսզի Սփիւռքն եւս, ու առհասարակ ներքին թէ՛ արտաքին ընդդիմութիւնն, մարտավարական սխալների յաղթահարումից յետոյ, փորձառւի ու կայանայ նրանով, որ ապագայի հաշւին, թէկուզ արդար, բայց դժգոհանքները զերծ մնան այնպիսի էմոցիոնալ դրսեւորումներից, որոնք այսպէս թէ՛ այնպէս գերնպատակային միասնականութեանը կը վնասեն:
Միասնականութիւն, որ երաշխաւորելու է դեռ գալիքում Հայաստանին ու հայութեանը անխուսափելիօրէն սպառնացող արտաքին մարտահրաւէրների դիմագրաւումը...:
 
«Ալիք» թերթի 
գլխավոր խմբագիր  Դերենիկ Մելիքյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն