«Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը․ ՀԲՃ (տեսանյութ)


«Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը․ ՀԲՃ (տեսանյութ)

  • 06-03-2018 13:52:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Բանական մարդու համար Թեղուտի հանքի շահագործումը անթույլատրելի էր ու հանցագործություն բնության նկատմամբ։ Դարավոր կուսական անտառի ոչնչացման փաստը միայն բավարար էր այսպիսի եզրահանգման գալու համար։ Սակայն 2014 թվականի դեկտեմբերին բուն շահագործումը սկսվելուց հետո պարզվեց, որ էկոլոգիական աղետի ծավալներն ավելի սարսափելի են։
Չնայած «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից տարիներ շարունակ հնչած հավաստիացումների, որ հանքին հարակից գետային ավազանների ջրերի աղտոտում չի լինելու՝ դա տեղի ունեցավ։ Գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ Շնող գետի ջրերի որակն անշեղորեն վատանում է հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման հետ զուգահեռ՝ 2009-2015թթ․ ընթացքում: Դա հաստատվում են նաև «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ գետերի ջրի քիմիական որակի վերաբերյալ հաշվետևությունները, որոնց համաձայն Շնողի գետաբերանում ջրի որակը 5-րդ դասի է՝ այսինքն ամենավատ որակի։
 
Շնող գետն ըստ էության վերածվել էր թափոնատարի, որով պարբերաբար հոսում էին «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրական հոսքաջրերը։ Ներկայացվում էին դա ապացուցող բազմաթիվ տեսանյութեր, սակայն այդ ահազանգերին պատշաճ ուշադրություն չէր դարձվում, իսկ ՀՀ կառավարությունն էլ հրաժարվում էր ստուգումներ իրականացնել այս ընկերությունում։
Եթե Շնող գետ հոսքաջրեր բաց թողնելու համար «Թեղուտ» ՓԲԸ-ն գոնե ուներ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներ (չնայած ակնհայտ էր, որ այդ նորմաների պահպանումը չէր վերահսկվում), ապա լրիվ այլ է վիճակը Դեբեդ գետի դեպքում։ Ընկերությունը թույլտվություն չունի հոսքաջրեր բաց թողնել Դեբեդ, սակայն մեր արած լուսանկարում երևում է այն խողովակը, որով հոսքաջրերը լցվել են անմիջապես գետի մեջ՝ հիմնականում օրվա երեկոյան և գիշերային ժամերին։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն