Դեսպան Թումանյանի հանդիպումն «Օմիդ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ


Դեսպան Թումանյանի հանդիպումն «Օմիդ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ

  • 09-03-2018 14:57:56   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 6-ին ԻԻՀ Մեջլիսում տեղի ունեցավ դեսպան Արտաշես Թումանյանի և «Օմիդ» («Հույս») խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Արեֆի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ:
 
Դեսպան Թումանյանը խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի, արդյունավետ քաղաքական համագործակցության, իրականացված տնտեսական, մշակութային և հումանիտար ծրագրերի մասին: Հավուր պատշաճի գնահատելով մինչ օրս կատարված աշխատանքը՝ դեսպան Թումանյանն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ չիրացված ներուժին, հատկապես՝ տնտեսության ոլորտում:
 
ՀՀ դեսպանը նաև ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը՝ բարձր գնահատելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում:
 
Մոհամմադ Ռեզա Արեֆը, համաձայնելով դեսպան Թումանյանի ներկայացրած տեսակետների հետ, իր հերթին կարևորեց երկկողմ տնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Նա ողջունեց դեսպանի կողմից իրականացվող նահանգային այցերը՝ նշելով, որ դրանք իրենց ուրույն դերը կարող են ունենալ տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման գործում:
 
Մոհամմադ Ռեզա Արեֆը հավաստիացրեց, որ ինքը և իր ղեկավարած խորհրդարանական խմբակցությունը պատրաստակամ են աջակցել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը և մասնավորապես՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:
 
Դեսպան Թումանյանն առաջարկեց առաջիկայում կազմակերպել Մոհամմադ Ռեզա Արեֆի և նրա ղեկավարած խմբակցության ներկայացուցիչների այց Հայաստան, որը մեծ հոժարակամությամբ ընդունվեց վերջինիս կողմից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն