Մայիսից կամ լիցքաթափում կլինի, կամ միջուկային պատերազմը կդառնա ավելի հավանական


Մայիսից կամ լիցքաթափում կլինի, կամ միջուկային պատերազմը կդառնա ավելի հավանական

  • 09-03-2018 20:36:49   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մայիսին հանդիպելու են:
CNN-ի տեղեկացմամբ, Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնը Սպիտակ տանը հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի առաջնորդը ԱՄՆ նախագահին պաշտոնական հանդիպման հրավեր է ուղարկել և Դոնալդ Թրամփն ընդունել է այդ հրավերը»:
Երեկ հայտնելով այդ լուրը, Չոն Ըյ Յոնը նշել է նաև. «Կիմ Չեն Ինը խոստացել է դադարեցնել Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկումները»: 
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը հավելել է. «Կիմ Չեն Ինը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ հանդիպել Դոնադ Թրամփի հետ: Նախագահ Թրամփը նույնպես ասել է, որ մայիս ամսին հանդիպելու է Կիմ Չեն Ինին»:
Չոն Ըյ Յոնի հավաստմամբ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատրաստ է ապամիջուկայնացմանն ու Թրամփի հետ անձամբ հանդիպելուն: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հաստատել է, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդին:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Սանդերսը հայտարարել է. «Նա (Թրամփը) կընդունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հրավերն այնտեղ և այն ժամանակ, որոնք կորոշվեն: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը: Այդ ընթացքում բոլոր պատժամիջոցները և առավելագույն ճնշումը պետք է պահպանվեն»:
Հարավային Կորեայի կառավարական պատվիրակության և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև Փհենյանում վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հյուսիսկորեական կողմը հավաստել է «Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն իր հավատարմությունը և հասկացրել, որ ինքը միջուկային սպառազինություն ունենալու պատճառներ չի ունենա` Հյուսիսային Կորեայի համար ռազմական սպառնալիքների բացակայության և հյուսիսկորեական ռեժիմի պահպանման երաշխիքների դեպքում»: Այս մասին օրեր առաջ հայտնել էին Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմից:
ԱՄՆ-ի սահմանած աշխարհակարգին Հյուսիսային Կորեայի չենթարկվելու և միջուկային փորձարկումների պատճառով հատկապես անցյալ տարվանից երկու պետությունների հարաբերությունները խիստ լարված են: Լարվածությունը հասել էր նույնիսկ մերձպատերազմական վիճակի, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը ռազմական հարձակմամբ է սպառնացել Հյուսիսային Կորեային:
ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի սահմանած շրջափակման ու տարաբնույթ պատժամիջոցների հետևանքով Հյուսիսային Կորեայում, ամենայն հավանականությամբ, առաջացել է տնտեսական աղետալի վիճակ, և երկիրը կործանարար զարգացումներից փրկելու նպատակով, Հյուսիսային Կորեայի ղեկավարը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ հանդիպել ԱՄՆ նախագահին ու բանակցել նրս հետ` ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի և երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների առնչությամբ: Միաժամանակ բացառված չէ, որ Կիմ Չեն Ինն իր այս քայլով մինչև մայիս ժամանակ է շահում, այդ ընթացքում երկիրն ապահովագրում ԱՄՆ-ի հարձակումից` ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագիրը զարգացնելու և կարողությունները կատարելագործելու նպատակով: Մայիսին ամեն ինչ պարզ կդառնա, ամեն ինչ կախված է նրանից, թե ԱՄՆ-ը կգնա՞ արդյոք ոչ ձևական փոխզիջումների, թե Հյուսիսային Կորեայից կպահանջի միակողմանի զիջումներ: Դրանից հետո ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերություններում կամ լիցքաթափում կլինի, կամ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան և երկու պետությունների միջև միջուկային պատերազմը կդառնան ավելի հավանական:
Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ տարածաշրջանում շարունակվում են Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և ճապոնիայի զորաշարժերը, ինքը շարունակելու է զարգացնել իր միջուկային ու հրթիռային ծրագրերը:
Հիշենք, որ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հաստատվեց միջմայրցամաքային հրթիռների արտադրության գործում ԿԺԴՀ-ի առաջընթացը: Ըստ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարության, միջմայրցամաքային հրթիռների արտադրության տեխնոլոգիայի հարցում Հյուսիսային Կորեան կատարելագործման փուլի է հասել:
Սեուլից «Շինհուա» գործակալության հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն այդ երկրի ազգային ֆորումի պաշտպանական կոմիտեին ներկայացրած զեկույցում հայտնելով այդ մասին, նշել է. «Ավելի վաղ Փխենյանը կարող էր միայն միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրել»: Սա նշանակում է, որ Հյուսիսային Կորեան դեռ անցյալ տարվանից ուներ տարվանից ուներ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ին: Միջմայրցամաքային այդ հրթիռների առնչությամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այս տարվա հունվարին հայտարարել է. «ԱՄՆ-ի ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության թիրախում»:
Նշելով այդ մասին, Կիմ Չեն Ընը հավաստել է, որ Վաշինգտոնը երբեք չի կարող Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսել, և որ միջուկային հրթիռների արձակման կոճակն իր սեղանի վրա է:
Արթուր Հովհաննիսյան
 
   
 
Նոյյան տապան  -   Քաղաքական