Հարութ Սասունյան. Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար


Հարութ Սասունյան. Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար

  • 10-03-2018 19:34:14   | ԱՄՆ  |  Վերլուծություն

 
 
Հայաստանի նախագահն անցյալ շաբաթ վերջապես պաշտոնապես չեղյալ հայտարարեց տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Նախագահ Սարգսյանը 2009 թվականից ի վեր մի շարք հայտարարություններ էր արել, նախազգուշացնելով, որ արձանագրությունները կհանի Ազգային ժողովի օրակարգից, եթե Թուրքիան կարճ ժամկետում դրանք չվավերացնի: Սերժ Սարգսյանը վերջին նման նախազգուշացումն արեց նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իր ելույթի ժամանակ հայտարարելով, որ չեղյալ կհայտարարի արձանագրությունները մինչև 2018 թ. գարունը:
 
 
 
Արձանագրությունները ստորագրել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թ. հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղարը և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
 
 
Արձանագրությունների ծավալուն տեքստում կոչ էր արվում բացել սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև և երկու երկրների միջև հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ: Արձանագրությունները ներառում էին նաև դրանց հետ առնչություն չունեցող բազմաթիվ այլ հարցեր, ինչպիսիք են գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի ճանաչումը և պատմական հանձնաժողովի ստեղծումը՝ երկու երկրների միջև առկա խնդիրներն ուսումնասիրելու համար, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը:
 
 
 
Դրա հետևանքով, ամբողջ աշխարհում բողոքի մեծ ալիք բարձրացավ արձանագրությունների ընդունման դեմ, թե Հայաստանում, թե Սփյուռքի բազմաթիվ համայնքներում: 2009 թ. հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումից կարճ ժամանակ անց, Սարգսյանը համաշխարհային շրջագայություն սկսեց դեպի Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի և Դոնի Ռոստովի հայկական համայնքներ, իբր լսելու արձանագրությունների վերաբերյալ նրանց մտահոգությունները: Սակայն, այդ հանդիպումների ժամանակ նրա ելույթներից պարզ դարձավ, որ նա մտադիր էր ընթացք տալ արձանագրություններին, և շրջագայության նպատակն էր համոզել սփյուռքահայերին հրաժարվել իրենց առարկություններից: Արտերկիր կատարած իր այցելությունների ժամանակ Սարգսյանին դիմավորեցին կատաղի ցույցերով և առճակատումներով՝ ձախողելով նրա քարոզչական շրջագայությունը:
 
 
 
2009 թ. հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելես կատարած այցի ժամանակ նախագահը հանդիպեց 60 հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ճնշող մեծամասնությունը քննադատում էր սպասվող արձանագրությունները, մինչ հազարավոր հայեր բողոքի ցույց էին անում հյուրանոցից դուրս, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը:
 
 
 
Այդ հանդիպման ժամանակ ես իմ ելույթում զգուշացրեցի Սերժ Սարգսյանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առարկելով  արձանագրությունների դեմ, կարող է արգելափակել Թուրքիայի կողմից դրանց վավերացումը: Զավեշտալի է, որ նման արդյունքը կնշանակեր, որ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նախագահն է ակամայից պաշտպանելու Հայաստանի շահերը: 
 
 
 
Բազմաթիվ հայերի համար, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, պարզ էր, որ Թուրքիան բնավ մտադրություն չուներ բացելու ընդհանուր սահմանը: Արձանագրությունները թուրքական կողմի խորամանկ քայլն էր՝ ճնշելու Հայաստանի վրա, որպեսզի տարածքային զիջումներ անի Ադրբեջանին Արցախի հարցում:
 
 
 
Իրականում, 2009 թ. ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարարն իր ելույթում պատրաստվում էր արձանագրությունների հետ կապել դրա հետ առնչություն չունեցող Ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Միայն վերջին պահին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությամբ հաջողվեց ժամանակավորապես լուծել վեճը և երկու կողմերն անցան արձանագրությունների ստորագրմանը:
 
Այնուամենայնիվ, ստորագրման արարողությանը հաջորդող տարիներին թուրք ղեկավարներն անընդհատ հանդես էին գալիս հայտարարություններով, որ իրենք մտադրություն չունեին վավերացնել արձանագրությունները, եթե Հայաստանը զիջումների չգնար Ղարաբաղի հարցում: Իրոք, Ադրբեջանը վճռականորեն բողոքել էր արձանագրությունների ստորագրման դեմ և զգուշացրել Թուրքիային չվավերացնել դրանք: Ադրբեջանը մտադիր էր ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ տարածքային զիջումների գնալու Ղարաբաղում՝ փակ պահելով Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը:  
 
Հայաստանի ղեկավարները թույլ տվեցին օտարերկրյա խոշոր տերություններին ճնշում գործադրել իրենց վրա՝ կայացնելու մի որոշում, որը հակասում էր հայ ժողովրդի շահերին: Հասկանալի է, որ Հայաստանը որպես փոքր պետություն, չի կարող գործել իր ավելի մեծ ու հզոր թուրք հարևանի նման, որը բազմիցս անտեսում է միջազգային հանրության ցանկությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները կարող էին առնվազն ջանքեր գործադրել օտարերկրյա միջամտությունը նվազագույնի հասցնելու համար: 
 
Մեկ այլ դաս, որը Հայաստանի ղեկավարները պետք է քաղեն արձանագրությունների խայտառակ ջախջախումից, այն է, որ նախքան նախաձեռնություններ սկսելը, որոնք ազդում են համայն հայության շահերի վրա, նրանք պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնությունը համակարծիք է նրանց որոշումներին: Բնականաբար, Հայաստանի սահմաններում ապրողներին վերաբերող ներքին խնդիրներն իրենց որոշումներն են, այնուամենայնիվ, բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են բոլոր հայերին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայից և Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը, լուրջ հիմնախնդիրներ են համայն հայության համար: Մինչ այս ուղղությամբ որևէ փաստաթուղթ ստորագրելը, Հայաստանի ղեկավարությունը պետք է համոզված լինի, որ հայ ժողովրդի մեծ մասը համաձայն է նրանց հետ: Այլապես, մենք ականատես կլինենք տգեղ առճակատման կրկնության Հայաստանի իշխանությունների հետ Հայաստանում և Սփյուռքում:
 
Ես այս մտահոգությունները բարձրացրեցի ի պատասխան Սարգսյանի վերջին շաբաթվա երկու հայտարարությունների.
 
 
1) «Երբ սկսեցինք բանակցային գործընթացը, մենք բնականաբար կանխատեսում էինք երկու արդյունք՝ դրական կամ բացասական»:
 
2) «Եթե վաղը կամ հաջորդ օրը առաջարկներ ստանանք, մենք պատրաստ կլինենք քննարկել դրանք»:
 
Նախագահ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարները չեն ընդունում իրենց սխալ մոտեցումը հայ-թուրքական հարցերում: Ճիշտ չէ, որ Հայաստանը ոչինչ չի կորցրել: Թուրքիան հմտորեն օգտագործեց արձանագրությունները՝ ապահովելու համար, որ օտարերկրյա պետությունները չմիջամտեն Հայոց ցեղասպանության հարցին: Իրականում, նախագահ Օբաման ևս շահարկեց արձանագրությունները՝ խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց իր՝ 2009 թ. ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ և հաջորդ յոթ տարիների ընթացքում:
 
Ավելին, Սերժ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հակված է կրկնելու նույն սխալը: Տարիներ շարունակ նա հայտարարում էր, որ Հայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրությունները նույն օրը, որ Թուրքիան վավերացնի դրանք: Բարեբախտաբար, Թուրքիան երբեք չվավերացրեց արձանագրությունները՝ թույլ չտալով Հայաստանին գործել հակառակ իր սեփական ազգային շահերի...
 
 
 
Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 

 
Նոյյան տապան  -   Վերլուծություն