Ավելի քան 43500 աշակերտ կմասնակցի 10-ամյա «Կենգուրու» մրցույթին


Ավելի քան 43500 աշակերտ կմասնակցի 10-ամյա «Կենգուրու» մրցույթին

  • 14-03-2018 13:12:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 15-ին «Այբ» հիմնադրամի կողմից Հայաստանի և Արցախի 1070 դպրոցներում կանցկացվի 10-րդ «Կենգուրու» մրցույթը։ Մրցույթի անցկացման նպատակն է բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ՝ խթանելով մաթեմատիկա առարկայի զարգացումն ու տարածումը, նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը միջազգային մրցույթներին, նոր լիցք հաղորդել Հայաստանում և Արցախում անցկացվող առարկայական մրցույթներին և օլիմպիադաներին, օգնել երեխաների ներուժի բացահայտմանը և նրանց ինքնադրսևորմանը: 
 
Հոբելյանական տարին մրցույթն անցկացվում է «Անհայտից՝ որոշյալ» կարգախոսով։
«Մենք համոզված ենք, որ բոլոր երեխաներն են տաղանդավոր, սակայն նման մրցույթներին մասնակցությունը թույլ է տալիս բացահայտել նոր հերոսներ՝ ապահովելով անհայտից որոշյալ փոխակերպումը»,- ասում է «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։ 
Մաթեմատիկայի միջազգային ամենազանգվածային «Կենգուրու» մրցույթին, որը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից, մասնակցում է 80-ից ավելի երկիր: 2017 թ.-ին «Կենգուրու» մրցույթին ողջ աշխարհում մասնակցել է մոտ 7 միլիոն երեխա:
Մրցույթն ունի հստակ կանոններ. տևում է 75 րոպե, հաշվիչ և հեռախոս օգտագործել չի թույլատրվում, խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է նշել 5 տարբերակներից միակ ճիշտը։ Մրցույթին մասնակցող 3-4-րդ դասարանցիները կարող են վաստակել առավելագույնը 96, իսկ մյուսները` 120 միավոր: 
«Կենգուրու» մրցույթի գլխավոր պահանջն այն է, որ մասնակիցները հատկացված 75 րոպեների ընթացքում ինքնուրույն լուծեն խնդիրները», - մեկնաբանում է Կարապետյանը:
«Կենգուրու» մրցույթը տարեցտարի համախմբում է ավելի մեծ թվով նոր աշակերտների, ինչն ապացուցում է, որ այս մրցույթի շնորհիվ մաթեմատիկան ավելի գրավիչ և սիրելի է դառնում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն