Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա դանակահարված երիտասարդները հիվանդանոցում են. shamshyan.com


Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա դանակահարված երիտասարդները հիվանդանոցում են. shamshyan.com

  • 14-03-2018 15:26:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 14-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ժամը 03։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Պապյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Սախարովի փողոցի բնակիչ, 34-ամյա Գեղամ Կարապետյանը և Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արմեն Բոչուկյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Հանրապետության փողոցում։ Ձեռնարկվում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը