Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր


Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր

  • 14-03-2018 17:00:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:  
Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ  գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում:
 
Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը: Միջոցառումներ են ձեռնարկվելու նաև պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման և այլ ուղղություններով:     
Զեկուցվել է, որ այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում  մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում: 
Կարեն Կարապետյանը կարևորել է «Սևան» ազգային պարկի պահպանման ու  կառավարման արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ  ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով:  Վարչապետն անհրաժեշտ է համարել  ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաև  ներդրումային ծրագրերի իրականացման  համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման, ձևավորման և այլ ուղղություններով:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն