Սերժ Սարգսյանը չներեց. Տապալում ԵԼՔ-ով


Սերժ Սարգսյանը չներեց. Տապալում ԵԼՔ-ով

  • 14-03-2018 18:26:18   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԼՔ դաշինքը չի կարողանում կոնսենսուսի գալ Ազատության հրապարակ գնալու եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակում պայքարելու համար: Նիկոլ Փաշինյանը դաշինքը փորձում է տանել հրապարակ, Էդմոն Մարուքյանը պահում է այն խորհրդարանում: Բոլորը հետեւում են, թե ով է հաղթելու կամ որտեղ է կտրվելու պարանը:
 
Միաժամանակ ԵԼՔ-ը հերքում է, թե դաշինքում պառակտված վիճակ է: Իհարկե, նույնը հերքել են նաեւ Հայաստանի տարբեր քաղաքական շրջափուլերում ձեւավորված բոլոր դաշինքները, մինչեւ պառակտվելը:
Բայց, յուրաքանչյուր դեպք անշուշտ ունի իր առանձնահատկությունները: ԵԼՔ-ի պարագայում ներկայում իրավիճակը դեռեւս չի մոտեցել պառակտման կրիտիկական սահմանին, քանի որ դաշինքի մաս կազմող ուժերը ունեն ընդհանուր խնդիր՝ 2022 թվականի խորհրդարանում հայտնվելու հեռանկարը: Դաշինքը մի շարք քայլերի հետեւանքով կորցրել է այդ հեռանկարը, դաշինքի ուժերն ըստ էության սկսել են հեռանկարի որոնումը դե ֆակտո առանձին ռեժիմներով, սակայն առայժմ, քանի դեռ որոնումներն ապարդյուն են, որեւէ մեկը չի ստանձնում դաշինքի չեղարկման պատասխանատվությունը: Ավելին, դաշինքը յուրաքանչյուր մաս կազմող ուժի համար գոնե առայժմ դիտվում է որպես առանձին խնդրի լուծման միջոց:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական անհրաժեշտության գեներացիայի հնարավորությունը տեսնում է Ազատության հրապարակում: Էդմոն Մարուքյանն այնտեղ տեսնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական անհրաժեշտության գեներացիայի հնարավորություն, ոչ թե իր կամ ընդհանուր դաշինքի: Մարուքյանն իր քաղաքական անհրաժեշտության գեներացիայի հնարավորություն տեսնում է Փաշինյանի Ազատության հրապարակ չգնալու մեջ:
Երկուստեք նկատելի, ուրվագծվող ազդակներ են հղվում իշխանությանը, որ եթե լինի քայլ դեպի հրապարակ, եթե ԵԼՔ-ը դուրս մղվի «միջանցիկ» քաղաքականությունից, իշխանության համար դա հղի կլինի քաղաքական վակուումով եւ իրավիճակի անկանխատեսելի արմատականացումով:
Իշխանությունն առայժմ անհաղորդ է այդ ամենին: ԵԼՔ-ի հանդեպ Սերժ Սարգսյանի վստահությունը գործնականում վերջնականապես կորել է ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում տարկետման վերաբերյալ Վիգեն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունից հետո: ԵԼՔ-ը դեմ հանդես եկավ դրան եւ միաժամանակ փորձեց նպաստել ուսանողական բողոքի գեներացիային: Դրանից առաջ դաշինքը Սարգսյանի համար խիստ ռիսկային իրավիճակ էր ստեղծել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, հրապարակ բերելով ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն ու փաստորեն Ռուսաստանին սադրելով նյարդային արձագանքի, որը կարող էր խնդիր առաջացնել նոյեմբերի 24-ի համար:
Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ու Վիգեն Սարգսյանի ազգ-բանակ հայեցակարգը Սերժ Սարգսյանի հետնախագահական պլանների առանցքային հենասյուներն են, եւ դրանց ուղղված ԵԼՔ-ի հարվածները նա չներեց:
Դաշինքի ուժերը կորցրել են իրավիճակը հավաքականորեն փոխելու ակնկալիքը եւ փորձում են գտնել առանձին, անհատական ելքեր: Այդ իսկ պատճառով ելք կա, բայց կոնսենսուս չկա: Չկա նաեւ դաշինքը քանդելու պատասխանատվությունը վերցնելու համաձայնություն: Դաշինքի ներսում ընթանում է դիրքային պայքար: Հրապարակը Նիկոլ Փաշինյանի տարերքն է: Էդմոն Մարուքյանի «մրցակցային առավելությունը» Վանաձորն էր, ինչը սակայն նա կորցրեց ՍԴ հայտնի որոշմամբ: Մարուքյանի համար խնդիրը ներկայում ոչ թե հրապարակ գնալ-չգնալն է, այլ Նիկոլին այնտեղ չթողնելն ու դրա վրա իր համար իշխանության հետ նոր երկխոսության բազա ձեւավորելը:
Մյուս կողմից, բարդ է նաեւ Փաշինյանի դրությունը: Ինչ անել, եթե նա գնա հրապարակ, բայց ի վերջո չստացվի ոչինչ: Իսկ այնտեղ արդեն կան մրցակիցներ՝ Հայաստանի փրկության ճակատը: Միեւնույն ժամանակ, դա խոշոր հաշվով չի լուծի ԵԼՔ-ի մյուս ուժերի, մասնավորապես Լուսավոր Հայաստանի հարցը: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Էդմոն Մարուքյանին պետք է Նիկոլին հրապարակից հետ պահելու դափնին: Եթե Նիկոլը գնա եւ չհաջողի, դրանից նա ոչինչ չի ստանում, բայց գործնականում ոչինչ չի ստանում նաեւ Էդմոն Մարուքյանը:
Նա չի տապալվի Նիկոլի հետ միասին, բայց նրանք բոլորն արդեն տապալվել են ԵԼՔ-ով, եւ հիմա բոլորը փորձում են լուծել առանձին ոտքի կանգնելու հարցը:
Ըստ երեւույթին, ԵԼՔ-ի որոշումը կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, եւ քանի դեռ այն չկա՝ ԵԼՔ-ում թե կոնսենսուս չկա, թե առանձին գործելու մասին հայտարարություն: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն էլ որոշում չի կայացնում, քանի դեռ չգիտե ԵԼՔ-ն ինչ է անելու:
Առավել բարդ է Արամ Զավենի Սարգսյանի դրությունը: Ինչ է անելու նա, որը գործնականում՝ անկախ էմոցիոնալության բարձր աստիճանից, քաղաքական դիրքորոշման հստակ տեքստերի առումով թերեւս բացառիկ էր ամբողջ քաղաքական դաշտում: Դաշինքը նրա համար դարձավ ոչ թե քաղաքականությունն էմոցիայից զատելու եւ հղկելու մեխանիզմ, այլ հակառակը՝ գրեթե բան չթողեց քաղաքականությունից, «Արեւմուտք թե Ռուսաստան» քաղաքական-քաղաքակրթական խոշոր դիսկուրսի եւ դիլեմայի վերաբերյալ հստակ դիրքորոշման եզակի պատասխանատվություն դրսեւորող գործչին կամա թե ակամա կանգնեցնելով ընդամենը հրապարակ, թե գրասենյակ դիլեմայի առաջ:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն