Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին

  • 15-03-2018 10:20:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
 
Վստահություն հայտնելով, որ Անգելա Մերկելի անցած հարուստ պետական և քաղաքական ուղին կշարունակի իր ծանրակշիռ ավանդը բերել Գերմանիայի զարգացմանն ու բարգավաճմանը, գերմանացի բարեկամ ժողովրդի բարեկեցությանը, միջազգային ասպարեզում ԳԴՀ ծանրակշիռ դերակատարության ամրապնդմանը, Հանրապետության Նախագահը Կանցլերին մաղթել է հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Անգելա Մերկելի նոր պաշտոնավարման ընթացքում ևս հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
 
«Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը: Այսօր հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի վրա է, զարգանում են տնտեսական փոխգործակցությունը, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված հարաբերությունները:
 
Մեր երկիրն այս տարի թևակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը:
 
Բարձր եմ գնահատում նաև գերմանական կողմի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, որը նոր մակարդակի է բարձրացել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շնորհիվ»,-ասված է ԳԴՀ Կանցլերին ուղղված նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
 
Ուղերձում Նախագահն անդրադարձել է նաև միջկուսակցական համագործակցությանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Գերմանիայի «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության միջև երկկողմ ձևաչափով և Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում:
 
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Աննեգրեթ Քրամփ-Քարրենբաուերին՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play