«Պոլիմետալ Արմենիա»-ն հանրային ճնշման տակ դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքները Լոռիում և Տավուշում. «Արմենպրես»


«Պոլիմետալ Արմենիա»-ն հանրային ճնշման տակ դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքները Լոռիում և Տավուշում. «Արմենպրես»

  • 15-03-2018 13:03:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, մարտի 14-ին համայնքում են եղել ընկերության տնօրենը և տեղակալը, հանդիպմանը հրավիրված են եղել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի մասնագետներ: «Ընդհանուր քննարկման արդյունքում նրանք հասկացան, որ այստեղ անիմաստ է նման աշխատանքների իրականացումը: Կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ: Այս զրույցից հետո այսօր առավոտյան կապվեցին ինձ հետ և տեղեկացրին, որ որոշել են չեղյալ համարել հանրային լսումը (կայանալու էր մարտի 20-ին-խմբ.): Նրանք հրաժարվում են իրենց մտքից, տպավորություն կա, որ որոշումը ժամանակավոր չէ»,- ասաց Աբազյանը:
 
Ընկերությունը տեղեկացնում է, որ որոշումը կայացվում է՝ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը