Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը. ծրագրի շրջանակում տրամադրվել են 6,9 մլրդ դրամ վարկային միջոցներ (տեսանյութ )


Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը. ծրագրի շրջանակում տրամադրվել են 6,9 մլրդ դրամ վարկային միջոցներ (տեսանյութ )

  • 15-03-2018 16:23:43   | Հայաստան  |  Տնտեսություն



ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի վարկային բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը և Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
 
«Կոնվերս բանկը վեցերորդ ֆինանսական կառույցն է, որը միացավ այս ծրագրին: Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրվել են 1534 միավոր վարկեր 6,9 մլրդ դրամի չափով», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
 
Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում կազմկերպվել է շուրջ 224 դասընթաց, ավելի քան 5300 մասնակիցների տրամադրվել են հավաստագրեր:
 
Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանի խոսքով` հուշագրի ստորագրումը մանր գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի արտոնյալ պայմաններով ձեռք բերել գյուղտեխնիկա, որը կնպաստի գյուղատնտեսության հետագա զարգացմանը: «Պահանջարկ կա, մենք արդեն իսկ ունենք համապատասխան ազդակներ մանր գյուղացիական տնտեսությունների կողմից», - նշել է նա:
 
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը` Անդրանիկ Մկրտչյանն իր հերթին ընդգծել է, որ ցածր տոկոսադրույքը թույլ կտա ծրագրի շահառուներին գյուղատնտեսության ոլորտում ծավալել առավել արդյունավետ գործունեություն:
 
Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է  պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
 
Մինչ օրս նշված ծրագր շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա», «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ», «Կամուրջ ՈՒՎԿ» ՓԲԸ-ների և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ հետ:
 
 
 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն