Խոշորացված և խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուները կվերապատրաստվեն
15-03-2018 17:25:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համագործակցելու է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ՝ հայեցակարգային, ռազմավարական և իրավական փաստաթղթերի և զարգացման ծրագրերի մշակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման գործընթացներում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Հակոբ Ավագյանը և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագրեր:
Մասնավորապես, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն կաջակցի ՀՀ մարզերի խոշորացված և խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներին`կազմակերպելով սեմինարներ «Ձեռնարկատիրության գրանցում», «Հարկման դաշտի ընտրություն, հարկային օրենսդրության տարրական իմացություն» և այլ թեմաներով:Անհրաժեշտության դեպքում կտրամադրի անվճար խորհրդատվություն:
Մեկ այլ հուշագրով «Ուրբան» հիմնադրամը` վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված նորաստեղծ ՏԻՄ-երի կարողությունների զարգացման նպատակով, կաջակցի նախարարության բարեփոխումներին և զարգացման ծրագրերին, հանրային կառավարման ոլորտում լավագույն պրակտիկայի ներդրմանը:
Փոխնախարար Վ. Կարապետյանը կարևորել է փոխգործակցության հաստատումը, ընդծելով, որ համագործակցության համար ընտրված թիրախներն այսօր խիստ արդիական են նախարարության համար, հատկապես` խոշորացված և խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների վերապատրաստումը:
<< Կառավարությունը փոխում է համայնքների հետ շփվելու լեզուն, բառապաշարը և ծրագրերի լեզվով է ուզում խոսել, այսինքն` աննպատակ միջոցների հատկացման ռազմավարությունն արդեն փոխվում է ծրագրերով, արդյունքային, ելքային ցուցանիշներով: Մենք պետք է կարողանանք համայնքների տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն մշակել, կազմել ծրագրեր և ներկայացնել գործադիր մարմին։ Իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է տնտեսական պատասխանատուների մասնագիտական կարողությունները զարգացնել, և դրան է միտված այս հուշագրերի ստորագրումը >>,- ասել է Վ. Կարապետյանը, հավելելով, որ առաջիկայում համագործակցային կապեր կհաստատվեն նաև այլ կազմակերպությունների հետ: