Ո՞վ է ո՞ւմ խաբում. վարչապետն ի՞նքն է կամենում, որ իրեն խաբեն, թե՞ Սյունիքի մարզպետն է խաբում կառավարության ղեկավարին
15-03-2018 18:54:34 | Սյունիքի մարզ | Հասարակություն
Երբ 2016թ. նոյեմբերի 4-ին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց Գորիս՝ հանդիպելու Սյունիքի իշխանավորների, հասարակության ներկայացուցիչների հետ, աշխուժություն եւ ոգեւորություն սկիզբ առավ մարզում: Հարյուրավոր մարդիկ ուղիներ էին փնտրում՝ մասնակցելու այդ հանդիպմանը, լսելու կառավարության նոր ղեկավարի հուսաբեր խոսքը:
Մեր թերթի ստեղծագործական խումբը նույնպես մասնակցեց վարչապետի սյունիքյան «դեբյուտին», որը, առանց չափազանցության, հույսի եւ հավատի հանդեսի վերածվեց:
Նույնիսկ չկարեւորվեցին շինծու եւ սադրիչ հարցերը, որոնք Վահե մարզպետը գաղտնաբար մոգոնել եւ տրամադրել էր իր մտերիմ մի քանի հոգու՝ վարչապետին ուղղելու՝ դրանով իսկ իր ղեկավարությանը հանձնված մարզի վիճակն առավել սեւ գույներով ներկայացնելու նպատակով…
Մեկուկես տարի անց՝ 2018թ. մարտի 7-ին, վարչապետ Կարեն Կարապետյանը հինգերորդ անգամ այցելեց Սյունիք:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ եկել էր ծանոթանալու մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018թ. անելիքներին:
Սակայն վարչապետի այցը, ինչպես եւ ենթադրվում էր, սյունիքյան հանրությանը գրեթե չհետաքրքրեց: Հատուկենտ էին մարդիկ, ովքեր նշանակություն տվեցին կառավարության ղեկավարի այցին:
Ինչո՞ւ էր սյունեցին հիասթափվել հանրապետության վարչապետից, ինչո՞ւ էր Կարեն Կարապետյանն անցանկալի ու չսպասված անձի կարգավիճակ ձեռք բերել մարզում:
Պատճառը, անկասկած, այն չէր, որ վարչապետը գրեթե նժույգից իջածի կարգավիճակում է այլեւս, որ պետական-քաղաքական գործչի նրա կարիերան իրիկնաժամ է ապրում:
Հիասթափվելու համար, հավատացեք, սյունեցին ծանրակշիռ պատճառներ ուներ:
Անկախության տարիներին հանրապետության ոչ մի վարչապետ այդքան չի այցելել Սյունիք, բայց ոչ մի վարչապետի այցելություններ այդքան ձեւական ու անարդյունք չեն եղել, որքան Կարեն Կարապետյանինը:
Բազում խոստումներ տվեց, բայց ոչ մեկը կյանքի չկոչեց. պատկերացնել կարելի է, թե որքան բարգավաճ կլիներ Սյունիքը, եթե իրականացվեր վարչապետի խոստումների գոնե 5-10 տոկոսը:
Հանրապետության ոչ մի ղեկավար այդքան էֆեկտիվ չկազմալուծեց Սյունիքի մարզպետարանի գործունեությունը, որքան ինքը մեկուկես տարվա ընթացքում:
Երեւանից մարզ այցելած բարձր իշխանավորներից եւ ոչ մեկն այնքան կտրված չէր իրականությունից, որքան Կարեն Կարապետյանը:
Հանրապետության բարձր իշխանավորներից քչերն են այդքան բացահայտ ու հետեւողական քաջալերել Սյունիքի մարզպետի անբանությունը եւ աչք փակել նրա չարագործությունների վրա, ինչպես Կարեն Կարապետյանը:
Մարզում ոմանց մեջ նույնիսկ տպավորություն է ձեւավորվել, որ սյունիքյան գործերին միջամտելը վարչապետի իրական լիազորություններից դուրս է, որ Սյունիքը նրա համար միայն լուսանկարվելու եւ ինչ-որ պատրանքներ մանրագործելու վայր է:
Ահա, թե ինչու էր վարչապետ Կարեն Կարապետյանը վաստակել անցանկալի անձի կարգավիճակ Լեռնահայաստանում:
***
Ապրիլի 9-ին, համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Կարեն Կարապետյանի կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները:
Քաղաքական ապագայի առումով անորոշության մեջ հայտնված, իրիկնաժամ ապրող վարչապետը, այդուհանդերձ, այցելեց Սյունիք:
Առաջին հայացքից դրանում տարօրինակ ոչինչ չկա. 2017-ի արդյունքներն ամփոփելու եւ ընթացիկ տարվա ծրագրերը քննարկելու համար նա այցելել է բոլոր մարզեր, ինչո՞ւ չպետք է այցելեր նաեւ Սյունիք:
Մինչդեռ, ըստ հազարավոր սյունեցիների, մարզում ստեղծված բարոյահոգեբանական ամոթալի իրավիճակում վարչապետն առնվազն պետք է հրաժարվեր Սյունիք այցելելուց ու Վահե Հակոբյանի հետ նույն սեղանի շուրջ նստելուց. դա էին պահանջում տարրական բարոյականությունը, երկրամասի բնակչության հանդեպ վարչապետի պետական հանձնառությունը եւ, ի վերջո, նրա մարդկային ու քաղաքացիական պարտքը:
Մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությունն ամիսներ շարունակ աղմկահարույց պատմությունների կիզակետում է, ամիսներ շարունակ գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության… Եվ, չնայած դրան, հանրապետության վարչապետը շարունակում է նրա հետ պետական հարցեր քննարկելու երեւութականություն ստեղծել:
Իսկ եթե, այդ բոլորով հանդերձ, վարչապետը նպատակահարմար է գտել նույն ձեւաչափով (ինչպես մյուս մարզերի դեպքում) գալ Սյունիք եւ լսել մարզպետի հաշվետվությունը, ապա պետք է քաջություն ունենար եւ գոնե բարձրացներ եռացող կաթսայի կափարիչն ու առերեսվեր իրականության հետ: Ինքը, սակայն, ոչ միայն դա չարեց, այլեւ չգիտակցեց նույնիսկ, որ դրանով յուղ է լցնում կրակի վրա, ավելի խաթարում քաղաքացիական համերաշխությունը երկրամասում:
Մյուս կողմից՝ Կարեն Կարապետյանն այդպես էլ չհասկացավ, որ այցելություն կատարել մարզ՝ դա մեքենաների շարասյունով եւ ուղեկցող չինովնիկների բազմությամբ Սյունիք գալն ու ինչ-որ սենյակում իր իսկ փառաբանության բեմադրություն կազմակերպելը չէ: Այցելել մարզ՝ նշանակում է նախեւառաջ հանդիպել մարդկանց հետ, խորանալ բնակչության մտահոգությունների, մարզի հիմնախնդիրների մեջ: Թե չէ կարելի էր սեփական քաղաքական հավակնությունները «հիմնավորող» թվեր շաղ տալ նաեւ Երեւանից, կարելի էր Վահե Հակոբյան քաղաքական ննջեցյալի հուղարկավորության (մի քանի օրով կամ շաբաթով) հետաձգումն ուղղորդել նաեւ Երեւանից:
***
Վարչապետի պաշտոնում վերջին անգամ այցելելով Սյունիք, Կարեն Կարապետյանը գոնե պետք է հաշվետվություն տար բնակչությանը՝ Սյունիքում իր կառավարության իրականացրած տարածքային քաղաքականության, սյունեցիներին տված խոստումների կատարման արդյունքների կամ ընթացքի մասին:
Դա, խոստովանենք, նաեւ բարոյականության ու պատասխանատվության հարց է: Չէ՞ որ մինչեւ մարտի 7-ը չորս անգամ պաշտոնական այցով, դրնգդրնգոցով, հարայհրոցով ժամանել է Սյունիք եւ անթիվ-անհամար խոստումներ տվել. 4 նոյեմբերի 2016թ., 12 մարտի 2017թ., 29 հուլիսի 2017թ., 15 դեկտեմբերի 2017թ.:
Դե, եթե ինքը խուսափում է կամ ամաչում է իր անկատար խոստումների մասին խոսել, գոնե մենք հիշեցնենք նրանցից մի քանիսը՝ ակնկալելով պատասխան:
Մարզի հինգ քաղաքում ստեղծվելու են վթարավերականգնողական ծառայություններ՝ նոր աշխատատեղերով:
Կապանում հիմնվելու է ռետինե նյութերի վերամշակման եւ խողովակների արտադրության երկու գործարան՝ նոր աշխատատեղերով:
Օժանդակություն է տրվելու հաջողակ եւ ներուժ ունեցող ֆերմերներին:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի շրջանակներում, վեց ռազմավարական ուղղությամբ, 95 մլն դոլարի ներդրում է կատարվելու «Տաթեւի դարպասներ» կառուցվելիք համալիրում, որի շնորհիվ ստեղծվելու է 1500 աշխատատեղ, իսկ Տաթեւ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան հասնելու է 400 հազարի:
Մարզի անասնապահությունն ու գյուղատնտեսությունն ուղղվելու են դեպի իրանական շուկա:
2017-ին Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ներդրումային ծրագրեր տարբեր ոլորտներում:
Իրանի հետ մեր առեւտրաշրջանառությունը տարեկան 50-57 մլն դոլար է՝ առանց էներգետիկ ոլորտի, այդ թիվը հասցվելու է 1 մլրդ դոլարի:
Ներդրումներ են արվելու մարզի առողջապահական հիմնարկներում:
Կլուծվի մարզն ամբողջությամբ գյուղտեխնիկայով ապահովելու խնդիրը:
Գրեթե բոլոր այցելությունների ընթացքում խոսել է Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին: Սկզբում հայտարարվել է, որ ազատ տնտեսական գոտին կգործի 2017թ. հոկտեմբերի 1-ից, որ այնտեղ կհիմնվի 2500 աշխատատեղ: Հետո հայտարարվել է՝ ազատ տնտեսական գոտին կկառուցվի երկու փուլով. առաջին փուլն ավարտվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին: Ավելի ուշ սրբագրվել է՝ կստեղծվի ոչ թե 2500, այլ 2000 աշխատատեղ, մի փոքր ուշացումով էլ ճշտվել է՝ կստեղծվի 1500 աշխատատեղ:
Ազատ տնտեսական գոտում կընդգրկվի 50-70 շահագործող ընկերություն, որոնք կիրականացնեն 100-130 մլն դոլարի ներդրում՝ տարեկան ապահովելով 250 մլն դոլարի ապրանք կամ ծառայություն:
Գրեթե բոլոր այցելությունների ընթացքում խոսել է Կապանի օդակայանի վերագործարկման եւ այդ նպատակով կատարվող ներդրումների մասին: Հայտարարվել է 2017թ. օդակայանում 2.5 մլն դոլարի ներդրման մասին (Միջանկյալ ասենք՝ մեկուկես տարվա ընթացքում ավարտին չի հասցվել սովորական մի սպասասրահի կառուցումը, որի վրա մինչեւ այժմ հազիվ թե կատարված լինի մի քանի տասնյակ հազար դոլարի ներդրում: Եվ այդքանից հետո հայտարարվում է՝ 2018-ին օդակայանում կներդրվի 4.5 մլրդ դրամ):
Չենք ուզում վարչապետի խոստում-հավաստիացումներից յուրաքանչյուրի կատարողականի մեջ խորանալ՝ թողնելով դա պարոն Կարապետյանին: Ընդ որում՝ ասվածը միայն խոստումների մի մասն է:
Ոչինչ, որ Սյունիքում ամաչել-խուսափել է անդրադառնալ իր խոստումների կատարմանը: Գոնե Երեւանից, գոնե ուշացումով, գոնե իր զբաղեցրած աթոռն ու անձը հարգելով, կարծում ենք, Կարեն Կարապետյանը պետք է հաշվետվություն տա, թե սյունիքյան խոստումներից որ մեկն է կատարել կամ չկատարել:
Հակառակ դեպքում (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի հանդեպ մեծագույն հարգանք ունենալով հանդերձ) ստիպված կլինենք եզրակացնել՝ վարչապետը խաբել է սյունեցիներիս կամ ոչ իրատեսական, չհաշվարկված խոստումներ է տվել մարդկանց…
***
Մարտի 7-ին մարզ այցելած Կարեն Կարապետյանը, Վահե Հակոբյան քաղաքական ննջեցյալ մարզպետի ձեռքից բռնած, նոր խոստումներ տվեց սյունեցիներին:
Ահա՝ 2018-ին մարզում նախատեսվում է 52.2 մլրդ դրամի ներդրում:
Կստեղծվի 1077 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ:
Կապանի օդակայանում նախատեսվում է 4.5 մլրդ դրամի ներդրում:
… Մի պահ ընդունենք, որ վարչապետն ու մարզպետն այս անգամ չեն խաբում, բայց…
Մոտ մեկ ամիս հետո հանրապետությունն ունենալու է նոր վարչապետ, նոր կառավարություն՝ միագամայն նոր ծրագրով ու ռազմավարությամբ:
Չնայած դրան, մայրամուտ ապրող վարչապետն ու չեղած մարզպետը խոստումներ են տալիս:
Արդյո՞ք կոռեկտ ու ողջամիտ է այդ գործելակերպը, մանավանդ որ իրենց թռիչքի ու վերելքի օրերում նրանց տված խոստումները չեն կատարվել:
Ներող եղեք, բայց մի տեսակ մանկական խաղի տպավորություն է թողնում այդ ամենը: Մի տարի հետո էլ կասեն՝ դե ինքը վարչապետ չի եղել, Վահե Հակոբյանն էլ Հայաստանից փախել է, դրա համար էլ խոստումները չեն կատարվել, թող նոր վարչապետն ու նոր մարզպետը կատարեին:
Այսինքը՝ կարեւորն այս պահին մարդկանց խոստումներով կերակրելն է, Սյունիքով մտահոգ վարչապետի եւ մարզպետի կենդանության մասին պատրանք ստեծելը, իսկ հետո…
Տա Աստված, որ սխալ լինենք մեր դիտարկումների մեջ:
***
Անկեղծորեն ու ափսոսանքով խոստովանենք՝ վարչապետի սյունիքյան վերջին այցից ու մարզպետի ելույթը լսելուց հետո մարզի իրական կացության մասին շատերիս պատկերացումներում շիլաշփոթն ավելի խորացավ:
Ընդամենը մի քանի օրինակ, որոնք, ցավոք, ավելի են աղավաղում եւ ոչ ստույգ դարձնում պատկերը:
Նախ՝ Սյունիք-Իրան հարաբերությունների մասին, որը, ըստ վարչապետի, մեր «ֆիշկաներից» մեկն է:
Ոչինչ, որ մեկ տարի առաջ տված խոստումը՝ մարզում արտադրվող բրդի իրացման խնդիրն Իրանում լուծելու վերաբերյալ, չի կատարվել:
Ոչինչ, որ հայ-իրանական առեւտրաշրջանառությունը 2017-ի համեմատ չի ավելացել, թեեւ վարչապետը խոստացել էր տարեկան (առանց էներգետիկայի) 50-57 մլն դոլարի հասնող առեւտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի:
Ո՞ւր մնաց «ֆիշկան»…
Խոսում ենք Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին, բայց շրջանցում իրողությունը, որ Մեղրիում թղթի վրա մի ազատ գոտի էլ ստեղծվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, որ Մեղրիում թղթի վրա մի սահմանամերձ շուկա էլ ստեղծվել էր լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրերում:
Գոնե այս մեկը չմնա թղթի վրա…
Մարտի 7-ի գորիսյան խորհրդակցությունում պատկառելի տեղ հատկացվեց (միայն խոսքերով) գյուղատնտեսությանն ու գյուղապահպանությանը, բայց ոչ մի բառ այն մասին, որ իր վարչապետության ընթացքում, մարզպետի անբանության շնորհիվ, Սյունիքում 13 հազար հեկտարով պակասել է աշնանացանը եւ քարտեզից ջնջվել Գորիսի տարածաշրջանի Քաշունի գյուղը:
2017-ի ընթացքում (ըստ մարզպետի նախորդ ելույթների) Կապանի օդակայանում ներդրվել է 2.5 մլն դոլար, իսկ 5.5 մլն դոլարով ձեռք բերվել ինքնաթիռ: Հիմա էլ ասում են՝ 2018-ին օդակայանում նախատեսվում է 4.5 մլրդ դրամի ներդրում:
Նախ՝ պարզ չէ 8 մլն դոլարից բացի (որ իբր ներդրվել է 2017-ին) եւս 4.5 մլրդ դրամ ներդնելու նպատակահարմարությունը: Թե՞ դա 2017-ին ցույց տված ներդրումը (եթե, իրոք, ներդրվել է) մեկ անգամ եւս (2018-ին) ներդրում ձեւակերպելու վահեհակոբյանական հնարամտություն է:
Մյուս կողմից՝ իսկապե՞ս մի անավարտ սպասասրահի համար, որը, բազմաթիվ փորձառու մասնագետների կարծիքով մի քանի տասնյակ հազար դոլար կարող է պահանջել առավելագույնս, 2.5 մլն դոլար է դրվել եւ դրվում:
Շատերին հետաքրքիր մի հարց եւս՝ արդյո՞ք աշխարհի բոլոր օդակայաններն են շահագործվելու համար սեփական ինքնաթիռ ձեռք բերում, չէ՞ որ օդակայան ունենալը մեկ բան է՝ կոնկրետ առաքելությամբ, թռիչքներ իրականացնելն ու փոխադրումներ կատարելը՝ մեկ այլ բան՝ բոլորովին այլ առաքելությամբ: Ասել է թե՝ արժե՞ր 5.5 մլն դոլար, մեր նեղ օրերում, ուղղել ինքնաթիռ ձեռք բերելու համար: Թող էլի գործարկենք օդակայանը, որ իսկապես անհրաժեշտ է, թող էլի թռիչքներ վերսկսենք…
Եթե իսկապես Կապանի օդակայանը պահանջված է, ուրեմն եւ գրավիչ պիտի լինի փոխադրումներ իրականացնող յուրաքանչյուր ավիաընկերության համար: Այդ դեպքում Կապանում սեփական ինքնաթիռ ունենալն անիմաստ կլինի: Իսկ եթե հույս ենք դնում սեփական ինքնաթիռի վրա, ուրեմն ի սկզբանե խոստովանում ենք, որ Կապանի օդակայանը գրավիչ չի լինելու բիզնեսի առումով…
Վարչապետի կառավարման շրջանում, Սյունիքի մարզպետի ջանքերով, գրեթե կազմալուծվեց Սիսիանի հիվանդանոցի գործունեությունը, բայց Կարեն Կարապետյանը մարզի առողջապահական համակարգին գոհություն է հայտնում:
Վարչապետը կրթության ոլորտում կատարվածը նույնպես գնահատում է արդյունավետ՝ ընդամենը նկատի ունենալով (ըստ պաշտոնական տեղեկատվության), որ մարզի բոլոր դպրոցներում դասավանդում են ֆիզկուլտուրա, օտար լեզուներ:
Հետաքրքիր է՝ կա՞ Հայաստանում մի դպրոց, որտեղ չեն դասավանդում ֆիզկուլտուրա եւ օտար լեզուներ:
Մեղա Աստված, իսկապե՞ս վարչապետը տեղյակ չէ, որ տասնամյակներ շարունակ Սյունիքի հանրակրթական դպրոցներում ըստ պատշաճի դասավանդել են ֆիզկուլտուրա, օտար լեզուներ:
Գորիսյան խորհրդակցությունում եւս մեկ անգամ կարեւորվեց պիցցայի՝ 5 աշխատատեղով արտադրամասի ծնունդը, կապանյան ինչ-որ խանութի բացումը, բայց չկարեւորվեց մարզի տասնյակ գյուղերի հոգեվարքը, որ առավել ցայտուն է երեւում համայնքների բռնի խոշորացումից հետո:
Վարչապետը չկարեւորեց նույնիսկ մարզի բնապահպանական ամոթալի վիճակը, որն իր կառավարման ընթացքում ավելի է վատացել. Լիճք գյուղի մեձակայքում Քաջարանի կոմբինատի ավերածությունները՝ ահավասիկ:
Վարչապետն անկարեւոր համարեց իրողությունը, որ իր կառավարման ընթացքում նվազել է Սյունիքի բնակչության կենսամակարդակը, մեծացել աղքատության նիշը, ավելացել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը…
Մարզպետը զեկուցում է, թե 2017-ին 573 հիմնական աշխատատեղ է ստեղծվել մարզում:
Պաշտոնական վիճակագրության մեջ չենք գտնում այդ թիվը:
Գոնե ուշացումով կարո՞ղ է տեղեկացնել, թե կոնկրետ որտեղ են ստեղծվել այդ աշխատատեղերը եւ ինչ կապ ունի մարզպետն այդ ամենի հետ:
Մարզպետը շրջանցել է միայն կազինոյի հարցը, Մեղրիում 22 հարկանի շենք կառուցելու խոստումը: Ի դեպ, վերջին ելույթներում խուսափում է խոսել այդ մասին, ինչը զարմացնում է. առանց կազինոյի, առանց 22 հարկանի շենքի ինչպե՞ս է մարզպետը կյանքի կոչելու Սյունիքը պարսիկների համար զվարճանքի վայր դարձնելու իր ամբարո երազանք-խոստումը:
Եվ, այդուհանդերձ, վարչապետը հպարտ կեցվածք ընդունած ինչ-որ անստույգ թվեր է շաղ տալիս մարզպետի ձայնակցությամբ, ինչ-որ գաղափարներ հռչակում:
Բայց մենք չենք զարմանում ու նորից ենք ուզում ճշտել՝ վարչապետն ի՞նքն է կամենում, որ իրեն խաբեն ու իրականությունն աղավաղեն, թե՞ մարզպետն է իր նախաձեռնությամբ խաբում հանրապետության կառավարության ղեկավարին: