Թղթի հաստության հեռախոս, որը կես ժամ լիցքավորելով կարելի է 3 տարի օգտագործել. Հայ գիտնականի համահեղինակած գյուտը


Թղթի հաստության հեռախոս, որը կես ժամ լիցքավորելով կարելի է 3 տարի օգտագործել. Հայ գիտնականի համահեղինակած գյուտը

  • 15-03-2018 21:44:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում, - գրում է lragir.am -ը: 
 
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ, դրանց հիման վրա նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջությամբ ածխածնային հիմքով են: 
 
«Դրանք շահավետ են նրանով, որ կարող են նախագծվել նոր տեսակի նյութերով, որոնք ամբողջովին ստացվում են լաբորատոր պայմաններում և այն հատկություններով, որ մենք ենք ուզում: Մենք կարող ենք ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ամբողջովին մեր միջավայրը կփոխեն, հնարավորություն կտան մասսայական արտադրության մեջ սիլիցիումային հիմքով արտադրվող սարքերը փոխել նանոկառուցվածքների հիման վրա ստեղծվող սարքերով», «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Ամալյա Կոստանյանը:
 
Գյուտարարի խոսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդեն պատենտը ստացել են, այս պահին մտածում են զանգվածային արտադրության մասին: Քանի որ նորարարության հիմքում հիմնականում օրգանական նյութերով արտադրության կազմակերպումն է, այն հնարավոր կլինի կիրառել ցանկացած ինդուստրիայում: 
 
«Պատկերացրեք հեռախոսները, պլանշետները լինեն թղթի հաստության, և դրանց սնուցման համար համարյա էներգիա հարկավոր չլինի: Կարող են կիրառվել բժշկության մեջ, օրինակ, սարքեր կան, որոնք օրվա ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը: Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրա, քանի որ ածխածնային հիմքով են, կյանքի հետ համատեղելի են»,-ավելացրեց երիտասարդ գիտնականը` հավելելով, որ արտադրանքը բավական էժան կլինի, քանի որ դրանց ստեղծման համար համարյա նյութ չի օգտագործվում, իսկ աշխատացնելու համար` չափազանց քիչ էներգիա: «Կես ժամ էներգիա կուտակելով` հնարավոր կլինի այդ սարքը երեք տարի օգտագործել»:
 
Ամալյա Կոստանյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկում են, թե ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play