Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի նորանշանակ պաշտոնյայի հետ


Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի նորանշանակ պաշտոնյայի հետ

  • 16-03-2018 16:15:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը  հանդիպում է ունեցել  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ-ում ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի  առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը:  
 
    Նախարարը ողջունել է Շ․ Շարպին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ին բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, նշել  համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը: Նորանշանակ պաշտոնյային նախարար Մինասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները, հատկանշելով, որ ծրագրերում լավ արդյունքներ են արձանագրվել, հակիրճ անդրադարձել նախարարության գործառույթներին և իրականացվող բարեփոխումներին: 
    Իր հերթին,  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ արտգործնախարարին հավատարմագրերը հանձնելուց հետո սա կառավարության ներկայացուցչի հետ երկրորդ հանդիպումն է, ինչը նաև կարևորում է  կառավարության հետ աշխատելու առաջնահերթությունը: Շնորհակալություն հայտնելով  նախարարին համատեղ աշխատանքների ներկայացման համար՝ Շոմբի Շարպն անդրադարձել է նաև այն նախատեսվող ծրագրերին, որոնց շրջանակներում համագործակցության նոր հնարավորություններ կան:
     Հանդիպման ընթացքում խոսվել է մի շարք ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրին, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին, ԲՀՊՏ-ների պահպանությանը, անտառային բարեփոխումների ոլորտում համագործակցության հնարավորություններին և այլն: Պաշտոնյաները պայմանավորվել են  առավել հաճախակի դարձնել հանդիպումները՝ դրանք նախաձեռնելով նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ավարտին կողմերը կրկին հավաստել են համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն