Ստեփանակերտի ընկալելիությունը Վաշինգտոնում. Շահան Գանտահարյան

16-03-2018 16:30:38   | Լիբանան  |  Հոդվածներ

Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ եւ կոնգրեսականներ) կարեւորագույն ողերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված եւ հետեւողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության, արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության եւ պետականություն կերտելու ազգային, քաղաքական եւ իրավական հիմնավորումների եւ այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:

 


Այս բոլոր հիմնադրույթների ներկայացման ընթացքում օգտագործվել են միջավայրի կողմից դյուրին ըմբռնելի թեմաներ, խնդիրների արծարծման առանցքներ, համապաատասխան եզրաբանություն, որոնք այս դեպքում ամերիկյան քաղաքական միջավայրում գտել են ճիշտ ընկալելիություն:
 
Հիշեցումը, որ ԱՄՆ-ի օրենսդիր թեւը առաջիններից էր, որը քվեարկել է եւ ընդունել Սումգայիթն ու ադրբեջանական ջարդարար քաղաքականության այլ դրսեւորումները դատապարտող փաստաթղթեր, մի օրինակ է արցախյան եւ ամերիկյան դիրքորոշումների համատեղելիությունը շեշտելու առումով: Քաղաքական հռետորության արվեստի օրինակները շարունակվում են նախագահ Սահակյանի խոսքում, երբ ընդգծվում է արցախյան կողմի կառչած լինելը երկխոսության, բանակցային գործընթացին, հետեւաբար նաեւ դիրքորոշումը` պատերազմի մերժման եւ ուժի բացառման: Ադրբեջանի ներկայացումը իբրեւ հայությունը բնաջնջելու առաջադրանք ճշտած ահաբեկչական պետություն եւ իբրեւ այդպիսին տարածշրջանին ու մարդկությանը սպառնացող երեւույթ, կապվում է ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական միջազգային դաշինք ձեւավորած լինելու իրողությանը:
 
Բայց` ամենահիմնականը․ նախագահ Սահակյանն ընդգծում էր Վաշինգտոնի միակ պետություն լինելու հանգամանքը, որը ֆինանսական օժանդակություն է տրամադրում Արցախին: Որքան էլ հակափաստարկներ հնչեն, այնուամենայնիվ պաշտոնական Ստեփանակերտի եւ Արցախի Հանրապետւթյունը ներկայացնողների իրողական ճանաչումով կարող է մեկնաբանվել երեւույթը:
 
Նման մասնակի իրականության շեշտադրումն է նաեւ քաղաքային եւ նահանգային մակարդակների վրա սկսած Արցախի Հանրապետության ճանաչման շղթայի գերակշռող մասը ԱՄՆ-ը տեսնելու նախագահի պաշտոնական հայտարարությունը: Այստեղ եւս որքան էլ առարկվի, որ ամերիկյան նահանգների եւ քաղաքների ճանաչումները միջազգային իրավաչափական հարաբերությունների վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ դրանք հիմնովին նպաստում են նախ ընդհանուր ճանաչելիությանը, ապա ամերիկացի նահանգային եւ քաղաքային պաշտոնատարների, վաղվա սենատորների եւ կոնգրեսականների Ստեփանակերտ այցերին: Այս շղթան, իբրեւ որդեգրված ռազմավարության շոշափելի գործնականացումների շարք, անպայման Արցախի Հանրապետության ճանաչմանը նպաստող գործընթաց է: Նախագահի համոզմամբ էլ ԱՄՆ-ը այստեղ գերակշռող մասն է ապահովել։ ԱՄՆ-ը առաջին հորիզոնականում է։
 
Այդ պատճառով էլ Բաքուն լուրջ անհանգստություն է ապրում, որը այս առիթով արտգործնախարարություն է կանչում տեղի ամերիկացի դեսպանին, բողոքի հուշագիր է ուղարկում Վաշինգտոն կամ միջազգային հետախուզման դիմում է ներկայացնում Հայ Դատի Եւրոպայի պատասխանատուի դեմ։
 
Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցերը ԱՄՆ,Եւրոպա, Ավստրալիա կամ այլ երկրներ, ինչպես նաեւ ամերիկացի թե եւրոպացի կամ ավստրալիացի օրենսդրականների, նահանգային-քաղաքային բարձրաստիճան պաշտոնատարների ժամանումները Ստեփանակերտ, իրականանում են քաղաքական ենթահողերի նախապատրաստությամբ: Այդ ենթահողերի ձեւավորումներում հիմնարար դեր են ստանձնել Հայ Դատի գրասենյակները:
 
Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում տեսանելի այս տեղաշարժերը կարեւոր նախադրյալներ են, որոնք կարող են կտրուկ զարգացման միտումներ դրսեւորել, երբ Բաքուն եւ տվյալ պետությունը հայտնվեն շահերի բախման կետերի դիրքերում. այս դեպքում` հարաբերակցաբար Վաշինգտոնի: Իսկ հավանական այդ զարգացումների համար անհրաժեշտ են նախադրյալներ ձեւավորող քաղաքական ենթահողեր: Այդ ենթահողի պատրաստության մեջ իբրեւ կարեվոր ներդրում կարելի է դիտարկել Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 279 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար