Ապրիլից Երևանում գործելու է «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայությունը, որի սակագինը որոշվելու է՝ ըստ վարորդների որակական հատկանիշների (տեսանյութ)


Ապրիլից Երևանում գործելու է «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայությունը, որի սակագինը որոշվելու է՝ ըստ վարորդների որակական հատկանիշների (տեսանյութ)

  • 16-03-2018 18:10:01   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ապրիլի 16-ից Երևանում գործելու է «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայությունը: Բավարար կլինի ներբեռնել Varchapettaxi հավելվածն ու օգտվել ծառայությունից: 
 
Ինչպես մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հիմնադիր տնօրեն Վահե Պետրոսյանը, նոր տաքսի ծառայության անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ կերպ ցանկանում են իրենց բողոքն արտահայտել ոլորտի նկատմամբ իր իսկ բնորոշմամբ՝ դավաճանական վերաբերմունքի դեմ: 
 
Ըստ նրա՝ 2015 թվականից օրենսդրական դաշտում անձամբ պայքար է մղում ոլորտը կարգավորելու ուղղությամբ, սակայն անարդյունք: 
 
«Մեր օնլայն տաքսի ծառայությունը մյուսներից գլխավորապես է տարբերվելու նրանով, որ սակագինը որոշելու ենք վարորդների որակական հատկանիշներով, այլ ոչ թե մեքենայի արժեքով: Ծառայության մինիմալ արժեքը սկսվելու է 300 դրամից մինչև 600 դրամ, իսկ կիլոմետրի համար սահմանվելու է 100 դրամ»,- նշեց Վ. Պետրոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ մատուցելու են նաև իրավաբանական, շտապ օգնության և ապահովագրության հետ կապված ծառայություններ վարորդների համար: 
 
Իր հերթին «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայության մեկ այլ հիմնադիր Մխիթար Օհանյանն ընդգծեց, որ 2010 թվականից պատկան մարմինները տաքսու ոլորտը կարգավորող օրենքները պարբերաբար փոփոխելով՝ այսօր այն հասցրել են կործանման եզրին: 
 
«Այսօրվա դրությամբ մեր ընտանիքները հիմնականում գոյատևում են տաքսու շնորհիվ, այսինքն, եթե 50000 վարորդ ունենք, ուրեմն այդքան ընտանիք հացի խնդիր է լուծում, և այդ ընտանիքների խաթրին կպնելն ազգադավություն է նշանակում»,- նկատեց նա:
 
Մ. Օհանյանի խոսքերով՝ այսօր իրենց խնդիրն են համարում ոլորտն ի մի բերելը:  
Նա հորդորեց քաղաքացիներին օգտվել հենց «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայությունից, քանի որ այս դեպքում բոլոր վարորդները գործելու են օրենքի դաշտում՝ պարտադիր լիցենզավորված լինելով: 
 
Իրավաբան, խորհրդատու Մհեր Շահնազարյանի համոզմամբ՝ համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն թե Տրանսպորտային տեսչության, թե Լիցենզավորման, թե Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքներում: 
 
Նրա փոխանցմամբ՝ այսօր շատ է խոսվում անվտանգ ուղևորափոխադրումների մասին, սակայն հարց է առաջանում «արդյո՞ք դա ապահովված է Yandex կամ GG-ի օնլայն տաքսի ծառայությունների կողմից»: 
 
«Պետք է վերանա այն մոտեցումը, թե յուրաքանչյուր մարդ կարող է գործից հետո տաքսի վարել: Դա պետք է լինի մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն, որպեսզի հնարավոր լինի ՀՀ-ում ապահովել պատշաճ տաքսի ծառայություն, մանավանդ, որ Հայաստանը հավակնում է դառնալ լուրջ զբոսաշրջային երկիր»,- ընդգծեց Մ. Շահնազարյանը՝ հավելելով, որ մյուս կարևոր խնդիրը՝ մրցակցային հավասար պայամնների ստեղծումն է: 
 
Նրա գնահատմամբ՝ նոր տաքսի ծառայության անվանումը կոնկրետ սոցիալական բողոքի արտահայտում է՝ ուղղված ՀՀ իշխանությունների կողմից տարվող տնտեսական գործունեության դեմ: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն