Խուճապ Հայաստանում, հանդիպում՝ Բաքվում


Խուճապ Հայաստանում, հանդիպում՝ Բաքվում

  • 16-03-2018 18:47:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Բաքվում մարտի 15-ին տեղի ունեցած արտգործնախարարների քառակողմ հանդիպումը՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան ձեւաչափով, Հայաստանի որոշ շրջանակներում տվել է խուճապի եւ բանդագուշանքի հերթական ալիքի առիթ, այն մասին, որ Հայաստանը շարունակում է մեկուսանալ, մեկուսացումը խորանում է, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, եւ որ այդպես կշարունակվի, քանի դեռ Արցախի հարցը կարգավորված չէ եւ հաստատված չէ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություն:
 
Անկասկած, հիանալի կլիներ, թե տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ձեւաչափերը ներառեին նաեւ Հայաստանը: Խողովակները, ճանապարհները, հաղորդալարերը ու երկաթուղիները երբեք չեն լինում ավելորդ:
Կա ռեգիոնալ իրողությունների մի ամբողջ համակարգ, որը բերել է իրավիճակի, երբ Հայաստանը չի ներգրավվում մի շարք ֆորմատներում: Բայց իրողությունների այդ համակարգում Հայաստանը չի ներգրավվում ոչ թե այն պատճառով, որ մեկուսանում է, մնում է լուսանցքում, այլ որովհետեւ Հայաստանը այդ համակարգի կենտրոնում է, Արցախի շարժման ռազմա-քաղաքական հաղթանակի շնորհիվ Հայաստանն այդ համակարգի նույնիսկ ճարտարապետն է, եւ ներկայում գործնականում փորձ է արվում ռեգիոնը հարմարեցնել այդ համակարգի ճարտարապետությանը, եւ տեղի ունեցող հարակից գործընթացները դե ֆակտո թելադրված են հենց նոր իրողություններով: Հայաստանն այդ համակարգի կենտրոնում է միջազգային լեգիտիմության պաշարով, պարզապես բոլորովին այլ գործառույթով, այլ ֆունկցիոնալ նշանակությամբ:
Հայաստանի խնդիրն ամենեւին այն չէ, որ լինում են ձեւաչափեր, որոնցից մնում ենք դուրս: Հայաստանի խնդիրը այն է, որ անկախության արդեն երրորդ տասնամյակի ընթացքում դեռեւս ձեւավորված չեն պետական եւ հասարակական էլիտաներ, որոնք իրենց որակով ունակ են ապահովել Հայաստանի ֆունկցիոնալ դերակատարության ամբողջականությունը:
Հայաստանը ռեգիոնալ անվտանգության ծանրության կենտրոնն է, որում սակայն առայժմ կարողանում է շոշափելի արդյունավետությամբ առաջ տանել միայն ռազմական բաղադրիչը: Բայց 21-րդ դարում անվտանգություն հասկացությունը բավական ընդգրկուն է եւ բազմաբնույթ իր բաղադրիչներով, եւ դրանցում առաջնային, կենտրոնական դեր է ստանձնել տեխնոլոգիան՝ թե ռազմական, թե կենսագործունեության տարբեր այլ ոլորտների, կամ ընդհանուր ասած՝ քաղաքացիական:
Հայաստանի խնդիրն այստեղ է՝ տեխնոլոգիական բեկման ապահովումը, որի շուրջ է ձեւավորվելու տարածաշրջանը: Հայաստանի առաքելությունը տարածաշրջանում նոր խողովակը չէ, այլ նոր միտքը, տեխնոլոգիան, նոր որակը, քաղաքակրթական նոր հարթակների ձեւավորումը:
Դա ամենեւին չի նշանակում նաեւ, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ցաքուցրիվ անել հարեւանների հետ հարաբերությունը եւ գրողի ծոցն ուղարկել կոմունիկացիաները: Խնդիրը տվյալ դեպքում պատճառահետեւանքային շեշտադրումների եւ առաջնահերթությունների ճշգրիտ համադրումն է եւ սեփական ներուժի ռացիոնալ գնահատումը: Ընդ որում, այդ տեսանկյունից Հայաստանը շատ ավելի ռացիոնալ եւ համարժեք է գնահատվում թե ռեգիոնալ հարեւանության կազմի, ընդհուպ Թուրքիայի եւ Ադրբեջանի մակարդակում, թե առավել եւս միջազգային քաղաքականության ուժային կենտրոնների կողմից, քան իր իսկ հասարակական-քաղաքական էլիտաների շրջանակում գերակշռող գնահատականները:
Այստեղ գերական մեկուսացվածության մասին մտահոգեբանական ինքնախարազանումներն են, որոնք հուշում են Հայաստանում բոլորովին այլ, պետականություն ունեցող հանրության մտածողության կերտման լրջագույն խնդիրների մասին:
Հայաստանը մեկուսացված չէ զուտ ֆիզիկապես՝ Հայաստանն ունի հաղորդակցություն թե Վրաստանի, թե Իրանի հետ: Իհարկե, Իրան-Վրաստան-Հայաստան երկկողմ ու եռակողմ կոմունիկացիոն գործընթացները գուցե ծավալային եւ դինամիկայի առումով դեռեւս զիջում են թուրք-ադրբեջանական նախաձեռնություններին, բայց այստեղ կան մի շարք բազմաբնույթ գործոններ, որտեղ խնդիրը լոկ Հայաստանի դաշտում չէ:
Ըստ այդմ, Հայաստանի իշխանությանը քննադատելու համար թերեւս չարժե անցնել Հայաստանի պետականության նվաստացմանը:
Ավելին, 21-րդ՝ տեխնոլոգիական հեղափոխության դարում մեկուսացում հասկացությունն ունի բոլորովին այլ չափանիշներ, եւ անգամ Մարսը այլեւս չի կարող իրեն «թույլ տալ» լինել «մեկուսացված»:
Խնդիրն ընդամենը սեփական անզորությունը գեներացնելու փոխարեն ստեղծարար կարողություններն ու առաջ նայող մտածողությունը գեներացնելն է: Դա կարող է փոխել Հայաստանը, որովհետեւ «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքը խաղարկվում է իրականում ոչ թե իշխանության, այլ պետության ու հանրության դեմ:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն