Չկա գլուխ, չկա գլխացավանք. դասախոսներ Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին ազատել են աշխատանքից.«Հետք»


Չկա գլուխ, չկա գլխացավանք. դասախոսներ Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին ազատել են աշխատանքից.«Հետք»

  • 17-03-2018 12:48:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am 2017թ. սեպտեմբերին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործունեության դեմ բարձրացած բողոքի ալիքը 6 ամիս անց հանգուցալուծվեց բուհի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի եւ Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատմամբ: Հովհաննես Խորիկյանն ասում է, որ նման որոշման ինքը սպասում էր դեռ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակից հետո: 
 
«Ես կոնկրետ անակնկալի չեմ եկել ազատման հրամանը տեսնելով, որովհետեւ ավելի վաղ էի սպասում, սակայն հիմնավորումը, որով ինձ եւ Գագիկ Համբարյանին ազատել են աշխատանքից, այ դա էր անակնկալ, որովհետեւ մեզ մեղադրում են մի բանում, որ չի համապատասխանում իրականությանը: Պարզվում է, որ մենք ինչ-որ գույք ենք փչացրել, ու դա ոչ ավել, ոչ պակաս այն գրքերն են, որոնք ռեկտոր Սահակ Մինասյանը՝ մոտ 15 տոննա, հանձնել էր որպես մակուլատուրա: Հարցն այն է, որ այդ գրքերից որոշ մաս փրկելու նպատակով ես դրանք բերել էի ամբիոն եւ հիմա էլ անտեղ են: Իրենք մեղադրում են, թե իբրեւ տուն ենք տարել»,-պարզաբանում է Հովհաննես Խորիկյանը՝ նկատելով, որ ռեկտորը գրապահոցները արագ դատարկելով եւ գրադարանում որոշակի տարածք ազատելով՝ մտադրություն ունի այնտեղ գրախանութ բացել:
 
«Գրքերից ազատվելու նպատակով Սահակ Մինասյանն ինքն էր ուսանողներին հորդորում միջանցքներում լցված գրքերից ինչ պետք է վերցնեն, տանեն, ինչպես կարող է մեզ մեղադրել, իբրեւ թե վնաս ենք տվել,-հարցնում է զրուցակիցս,-ինքը հիմա էլ սպասում է, տեսնի` այս պատմությունն ինչ հանգուցալուծում կստանա, որ անցնի իր բիզնես ծրագրերին, ու վաղ թե ուշ, կարծում եմ, բուհը կկոչվի ոչ թե Շիրակի պետական համալսարան, այլ՝ Շիրակմոլ»:
 
Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի հետ աշխատանքային պայմանագրերը լուծարել են` հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը եւ 122-րդ հոդվածի 2-րդ կետը: Պայմանագրերի լուծարման հիմքում դրվել են ՇՊՀ գիտական խորհրդի, ինչպես նաեւ` նույն խորհրդի որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումները: Աշխատանքի ազատման հրամանները դասախոսները չեն ստորագրել:
 
«Նախ` սկսենք այնտեղից, որ էթիկայի հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը խախտված է: Հանձնաժողովը ստեղծելուց առաջ մեզ պետք է հրավիրեին, կոնկրետ ինձ` ի պաշտոնե, որովհետեւ գիտական խորհրդի անդամ էի, իսկ Համբարյանը՝ չէ, բայց եթե մեր հարցը պետք է քննվեր, ապա ադ մասին պետք է տեղյակ լինեինք:  Բացի դրանից, էթիկայի հանձնաժողով բուհում պետք է մշտապես գործեր, ոչ թե ժամանակավորապես ձեւավորվեր մեր հարցը քննարկելու համար»,-նկատում է Հովհաննես Խորիկյանը:
 
Գագիկ Համբարյանն ասում է, որ աշխատանքային գործունեության 15 տարիների ընթացքում ոչ մի նկատողություն չի ստացել ոչ բանավոր, ոչ էլ՝ գրավոր, ընդհակառակը՝ ունի բազմաթիվ շնորհակալագրեր: Իսկ էթիկայի կանոնները բուհում խախտում են ոչ թե իրենք, այլ ռեկտոր Սահակ Մինասյանը: «Պարոն Մինասյան անձի դեմ ուղղված մեր մեղադրանքները, չգիտես ինչու, վերագրվում են բուհին, եւ ռեկտորը, իր անձը նույնացնելով համալսարանի հետ, հայտարարում է, թե մենք վարկաբեկում ենք բուհը: Այնինչ, մենք ընդամենը բարձրաձայնել ենք ռեկտորի կամայականությունների ու իրականացրած «բեսպրեդելի» մասին: Ես համարում եմ, որ մեր աշխատանքային իրավունքը ոչ թե խախտված է, այլ ոտնահարված եւ այն վերականգնելու համար մենք դիմելու ենք դատական ատյաններին»,-ասում է Գագիկ Համբարյանը:
 
Դասախոսները դիմելու են Գլխավոր դատախազին եւ հայց են ներկայացնելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Շիրակի մարզի դատախազին չենք դիմելու, որովհետեւ, մեր կարծիքով, ինքն անկողմնակալ վերաբերմունք չունի եւ կաշկանդված է,-նշում են զրուցակիցներս,-եթե մարզի դատախազը օբյեկտիվ լիներ, ապա վաղուց մեր հրապարկումների վրա պետք է գործ հարուցվեր, սակայն նա դա չի անում՝ պատճառաբանելով, թե հանցակազմ չկա, այնինչ, մեր կարծիքով, հանցակազմ լավ էլ կա՝ տեսնող չկա»:
 
Գագիկ Համբարյանն ասում է, որ ռեկտոր Սահակ Մինասյանի «թիկունքը» ԿԳՆ նախարար Լեւոն Մկրտչյանն է, այլապես այսքան բողոքները, ուսանողների դասադուլները, Խորիկայնի հացադուլը  որեւէ արձագանք կգտնեին, սակայն դրա փոխարեն որոշում են ազատվել բուհի երկու դասախոսից, որոնք չեն վախենում խոսել առկա խնդիրների մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play