Ոոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացուն կվճարեն փոխհատուցում՝ 11.700 եվրո գումարի չափով. ՄԻԵԴ


Ոոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացուն կվճարեն փոխհատուցում՝ 11.700 եվրո գումարի չափով. ՄԻԵԴ

  • 17-03-2018 16:04:27   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018թ. մարտի 15-ին կայացրել է վճիռ Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով:
 
ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացնում էին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները:
 
ՄԻԵԴ-ն արձանագրել է Դիմումատուի՝ անօրինական ազատազրկման (անօրինական և անհիմն դատավճռի հիման վրա), ինչպես նաև ոստիկանության ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 5.5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա: Արձանագրված խախտումների համար ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Դիմումատուին վճարել 11.700 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
 
Այսպես, 2005թ. Դիմումատուի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, որի շրջանակներում Դիմումատուն 46 օր կալանավորված է եղել:
 
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 2006թ. կայացված դատավճռով Դիմումատուն արդարացվել է: Դատարանը հաստատել է, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ Դիմումատուն գործել է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, և արձանագրել է, որ ոստիկանության աշխատակիցները նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով լուրջ վնասվածքներ: Նույն որոշմամբ դատարանն արձանագրել է, որ դիմումատուի նկատմամբ կալանավորումը եղել է չհիմնավորված:
 
Դիմումատուն, սակայն, հնարավորություն չի ունեցել ստանալու անհիմն կալանավորման, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու հետևանքով բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ ՀՀ գործող օրենսդրությամբ նման հնարավորություն նախատեսված չի եղել:
 
Տվյալ գանգատի շրջանակներում Դիմումատուն բարձրացրել էր նաև ոստիկանության ծառայողների կողմից 2005թ. վատ վերաբերմունքի ենթարկվելու և դրա առնչությամբ ՀՀ իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու հարցը՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, քանի որ ներպետական դատարանների կողմից դիմումատուի նկատմաբ վատ վերաբերմունքի փաստի հաստատումից հետո ներպետական ատյանները անգործություն են ցուցաբերել և քրեական հետապնդում չեն հարուցել բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ: Գանգատի տվյալ պահանջները ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է անընդունելի այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել հարցի առնչությամբ ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու վեցասմյա ժամկետի կանոնը:
 
 
 
ՄԻԵԴ ամբողջական վճռին կարող եք ծանոթանալ ստորև հղմամբ.
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play