Ի՞նչ են համոզում ու զգուշացնում Սեյրան Օհանյանին


Ի՞նչ են համոզում ու զգուշացնում Սեյրան Օհանյանին

  • 17-03-2018 16:35:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ Հայաստանի փրկության ճակատը հանրահավաքային շարժմանը միանալու հարցով բանակցում է Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
 
Ըստ տեղեկության, Օհանյանի հետ բանակցությունը վարում է Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը խորհրդարանի ընտրությանը ՕՐՕ դաշինքի առաջին եռյակից էր:
Ընտրությունից հետո դաշինքը դադարեցրեց գոյությունը, իսկ դրա առաջին եռյակից այսպես ասած աշխույժ քաղաքականության մեջ է միայն Մարտիրոսյանը: Օսկանյանն ու Օհանյանը չկան:
Այժմ փաստորեն, ըստ մամուլի, Օհանյանին փորձում են համոզել վերադառնալ աշխույժ քաղաքականություն: Կհաջողվի՞ դա Արմեն Մարտիրոսյանին, թե՞ ոչ: Թե՞ իշխանությանը կհաջողվի Օհանյանին համոզել հակառակի մեջ, որ վերադառնալ պետք չէ:
Իսկ այդպիսի փորձ իշխանությունը թերեւս անում է: Օհանյան-Մարտիրոսյան բանակցությանը զուգահեռ, հրապարակվեց հաղորդագրություն պաշտպանության նախարարության պաշտոնյայի ձերբակալության մասին, կաշառառության մեղադրանքով: Ըստ տարածված պաշտոնական տեղեկության, «Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար»:
2018 թվականի մարտին տարածված հաղորդագրությունը առնչվում է 2008-13 թվականների շրջանին, երբ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր:
Հետաքրքիր է երկու տեղեկությունների զուգահեռը, եւ իշխանությունը փաստացի ակնարկում է պաշտպանության նախկին նախարարին, որ չարժե վերադառնալ աշխույժ քաղաքականություն եւ այն էլ հանրահավաքային հարթակ:
Անկախ այդ ամենից, Սեյրան Օհանյանի քաղաքական դերակատարումը թերեւս չափվում է բոլորովին այլ, ըստ էության ավելի բարձր քաղաքական նշաձողերով ու ելակետերով, որոնք նրան անկախ նույնիսկ իշխանության ու ընդդիմության որեւէ ազդակներից կամ ակնարկներից, պարտադրում է հետպաշտոնեական առավել բարձր եւ սոլիդ կարգավիճակ, քան Հայաստանի ներքաղաքական ինտրիգները:
Սեյրան Օհանյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է Հայաստանի, նաեւ կովկասյան ռեգիոնի համար հույժ կարեւոր եւ բախտորոշ ռազմա-քաղաքական մի շրջափուլում, երբ կայացվել են Հայաստանին առնչվող աշխարհքաղաքական կարեւոր որոշումներ, Հայաստանն է կայացրել պետականությանն առնչվող կարեւորագույն որոշումներ թե քաղաքական, թե ռազմական իմաստով, եւ ի վերջո, երբ Հայաստանը կարողացել է կանգնեցնել ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, հետ մղել այն ու ստեղծել բոլորովին այլ իրավիճակ: Մինչ այդ էլ, 2014, 2015 թվականներին հայկական զինուժը գործնականում արձագանքել է մարտահրավերներին, որոնք փաստացի ճակատագրական են եղել թե Հայաստանի, թե ռեգիոնի, թե աշխարհքաղաքական առավել խոշոր կորի համար, թույլ չտալով Կովկասի ռեգիոնում թուրք-ադրբեջանական անվտանգության համակարգի գերակայություն, որին Անկարան ու Բաքուն գրեթե հասնում էին ռուսական համակարգը փլուզելու շնորհիվ՝ Մոսկվան գցելով «եղբայրության» ծուղակը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ շրջանում գործնականում վերածվել էր միջազգային հարաբերությունների յուրօրինակ խաչմերուկի, որտեղ աշխուժորեն «երթեւեկում» էին միջազգային ուժային կենտրոնների դիվանագետները:
Այդ բախտորոշ շրջափուլը մի կողմից պատասխանատվություն է դրա հայաստանյան առանցքային դերակատարներից մեկի՝ Սեյրան Օհանյանի հանդեպ, մյուս կողմից էլ Սեյրան Օհանյանի համար է պատասխանատվություն իր հետագա կարգավիճակի հանդեպ:
Ընդ որում, այդ իմաստով խիստ ուշագրավ էր, որ Օհանյանը դեռեւս նախարարի պաշտոնում մերժել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջարկը՝ Հայաստանի ներկայացուցչի քվոտայով: Հայաստանի պաշտպանության նախարարից հետո այդ կարգավիճակը իր բնույթով եւ քաղաքական բովանդակությամբ մեղմ ասած փոքր է, եթե չասենք նվաստացուցիչ: Բայց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից հետո իր բնույթով ու բովանդակությամբ հաստատ ավելի մեծ չէ հայաստանյան ներկայիս ներքաղաքականության որեւէ կարգավիճակ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play