Մշակվում են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանները


Մշակվում են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանները

  • 19-03-2018 17:16:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 12-17-ն անցկացրել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում: Այն իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի թվով 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
 
Միջոցառումներն անցկացվել են Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
 
Գործընթացին մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության սպաներ և «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
 
Ստեփանավան համայնքում նախագծի փորձարկումն արդյունավետ էր նրանով, որ դրան ներգրավված էին նաև «Ստեփանավանի «ԼոռԷ» փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվեցին վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործիքները, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք աղետների ռիսկի նվազեցման միջոցառումները: «ԼոռԷ» փրկարար ջոկատի ներկայացուցիչները ներկայացրեցին առաջարկություններ՝ նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
 
Փորձարկման ընթացքում յուրաքանչյուր կրթօջախում ստեղծվեց աղետների ռիսկի կառավարման խորհուրդ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, որոնց մասնակցությամբ մշակվեց աղետների ռիսկի կառավարման պլան: 
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվեցին վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարահանման պլանները, որոնք համապատասխան տարահանման պայմանական նշանների հետ միասին փակցվեցին շենքերի ներսում՝ սահմանված վայրերում: 
 
Աղետների ռիսկի կառավարման պլանի փորձնական կիրառման ժամանակ ի հայտ եկած թերությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո այն կփորձարկվի այլ մարզերում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play