ՀՀ դատախազության՝ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքները 2017 թ

19-03-2018 18:13:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դատախազության համակարգում ծառայողական, ներքին կարգապահական և էթիկական նորմերի պահպանման, հետաքննության և նախաքննության շրջանակներում համապատասխան մարմինների ծառայողների գործառույթների իրականացման օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև դատախազության համակարգում կադրային հոսքերի թափանցիկությունը համարելով հանրային հաշվետվողականության կարևորագույն բաղադրիչ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է 2017-ի ներքին վերահսկողության կառուցակարգերի կիրառման արդյունքները: 
 


2017-ին ՀՀ դատախազության համակարգից իրենց անձնական դիմումների համաձայն ազատվել է 37 դատախազ, որոնցից 20-ը՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
 
Նույն ժամանակահատվածում դատախազի պաշտոնում նշանակվել է 42 անձ, որոնցից 22-ը ՀՀ արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ են, 19-ը՝ նախկին քննիչներ, իսկ 1-ը՝ 5 տարվա իրավաբանի ստաժով գիտությունների թեկնածու է:
 
Նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է 58 ծառայողական ուսումնասիրություն՝ 64 դատախազի նկատմամբ: 16 դատախազի նկատմամբ hարուցվել է 16 կարգապահական վարույթ: Տույժի է ենթարկվել 13 դատախազ, որոնցից 6-ի նկատմամբ նշանակվել է «դիտողություն», իսկ 7-ի  նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
 
Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների՝
- ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 4 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 2  դատախազի  նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,
- իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու համար 2  դատախազի  նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,
- «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումներ թույլ տալու հիմքով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 1  դատախազի  նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,
- օրենքով սահմանված՝ դատախազի պարտականությունները չկատարելու, այն է՝ պատշաճ կերպով մասնագիտական որակավորումը և գործնական հմտությունները չապահովելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
 
2014 թ. իրականացվել է 22 ծառայողական ուսումնասիրություն՝ 32 դատախազի նկատմամբ, որոնցից տույժի է ենթարվել 4-ը. 2015թ.`  30 դատախազի նկատմամբ կատարված 17 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ: Իսկ 2016թ.-ին կատարված՝     16 դատախազի նկատմամբ 14 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ:
 
Համապատասխան մարմինների ղեկավար անձնակազմի ուշադրությունը առանձին գործերով նախաքննության և հետաքննության, օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում արձանագրված էական խնդիրների, բացթողումների, սխալների վրա հրավիրելու, դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով 2017թ. ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 223 միջնորդություն, որոնցից 127-ը նախաքննության մարմնի, 96-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ: 91 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 18-ը նախաքննության, 73-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից: Նախաքննության մարմնի 1 և հետաքննության մարմնի 6 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 
30 անձի վերաբերյալ հարցը քննարկվել է օպերատիվ խորհրդակցություններում (12-ը նախաքննության, 18-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից)` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պատասխանատուների ուշադրությունը հրավիրելու նպատակով: 65 անձի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, որոնցից 54-ը նախաքննության, 11-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ:
 
Նախաքննության 22 և հետաքննության մարմնի 11 աշխատակցի վերաբերյալ ծառայողական ուսումնասիրությունը գտնվում է ընթացքում:
 
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվել է 77 ստուգում և ուսումնասիրություն: Արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկված 7 հաղորդման և ներկայացված 32 միջնորդագրի հիման վրա անցկացվել  է 11 ծառայողական քննություն, որոնց արդյունքում ՔԿՀ 11 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի:
 
Իր լիազորութությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունքում ՀՀ դատախազությունը քայլեր է ձեռնարկել նաև, ըստ ծագած օբյեկտիվ անհրաժեշտության, ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ քրեական հետապնդման մարմինների ծառայողների առանձին գործողությունները քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ:
 
Մասնավորապես՝ 2017-ին ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ՝ մեկ դատախազի գործողություններում, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, առերևույթ հանցագործության մասին տվյալները դարձել են քննության առարկա ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում:
 
Քրեական գործերով դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազների կողմից 2017 թ. ձեռք են բերվել քննիչների կողմից՝ իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության մասին տվյալներ, որոնցով քննված 5 քրեական գործ՝ 5 քննիչների վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
 
Նույն գործառույթների իրականացման շրջանակներում դատախազների կողմից հայտնաբերված՝ հետաքննության մարմինների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ 2017թ. ընթացքում քննվել է 5 քրեական գործ, որոնցից մեկը՝ երեք անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 54 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար