Աստղ-կինոգործիչները և իրավունքի առաջատար փորձագետները՝ մարդու իրավունքներին և ժամանցին նվիրված նորարարական գագաթնաժողովում

19-03-2018 18:15:38   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 


Օսկարակիր դերասանուհի Միրա Սորվինոն ստացավ Promise Institute-ի մրցանակը՝ արվեստի միջոցով մարդու իրավունքների բնագավառում ունեցած ավանդի համար։
 Մարտի 16-ին մի շարք հայտնի կինոգործիչներ և պրոդյուսերներ հանդիպեցին Ամերիկայի առաջատար իրավաբանների հետ ժամանցի միջոցով մարդու իրավունքների հիմնախնդիրները բարձրացնելու վերաբերյալ նորարարական «Lights. Camera. Reaction.» գագաթնաժողովի շրջանակներում։ Hammer Museum-ում տեղի ունեցած մեկօրյա միջոցառումը եզրափակվեց արվեստի միջոցով մարդու իրավունքների բնագավառում ունեցած ավանդի համար ամենամյա առաջին՝ «Promise Institute մրցանակով», որը տրվեց օսկարակիր դերասանուհի Միրա Սորվինոյին։
 
«Մեզնից ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նմանատիպ խելահեղ շարժում կսկսվի,» - մրցանակը ստանալու ժամանակ իր հոր՝ Փոլ Սորվինոյի ներկայությամբ իր խոսքում նշեց Միրա Սորվինոն և անդրադարձավ իր իսկ օրինակին, կապված Հարվի Ուայնսթինի և ուրիշների հետ, վերջերս թափ առած #TimesUp և #MeToo շարժումներում։ - «Ինչ-որ բան կատարվեց մեր սրտերում, և մենք ասացինք՝ պետք է ճշմարտությունն ասել»։
 
Քննարկումներին մասնակցում էին սոցիալական ազդեցության բնագավառի հայտնի կինոգործիչներ Էդ Զվիքը («Blood Diamond»), Թերրի Ջորջը («Hotel Rwanda», «The Promise»), Ռեջինալդ Հադլինը («Marshall»), Էմի Ցիրինգը («The Hunting Ground»), Քեթրին Հարդվիքը («Thirteen», «Twilight»), Եվգենի Աֆինեեւսկին («Cries from Syria», «Winter on Fire»), պրոդյուսերներ դոկտոր Էրիկ Էսրաիլյանը («The Promise») և Մայքլ Մեդավոյը («Zodiac»), դերասանուհի Անժելա Սարաֆյանը («Westworld», «1915»), սոցիալական ազդեցության պրոդյուսեր Բոնի Աբաունզան, ժամանցի իրավական փորձագետներ Գաբրիել Բրաքինը (Participant Media), Դենիել Մ. Մայեդան և Քելի Սեյջերը։
«Լավ նպատակները դյուրին են,» - ասաց Creative Armenia-ի փոխնախագահ Ալեք Մուհիբյանը, ով վարում էր «Art and War։ Creating Human Rights Films.» վերնագրով քննարկումը։ - «Բայց դրանք կարևոր թեմաների մասին ճշմարիտ, դիպուկ, անկանխատեսելի պատմությունների վերածելն այդքան էլ դյուրին չէ։ Մեր տաղանդավոր խոսնակները հիանալի կերպով ներկայացրեցին՝ ինչպես են իրենք կարողացել ձևավորել և ստեղծել արդյունավետ ժամանց ահռելի մարտահրավերների պայմաններում։»
 
Միջոցառումը հյուրընկալել էին Creative Armenia-ն, UCLA-ի Իրավաբանության ֆակուլտետի՝ Մարդու իրավունքների «Promise» ինստիտուտը, և UCLA-ի Թատրոնի, ֆիլմի և հեռուստատեսության ֆակուլտետի՝ Սոցիալական ազդեցության ժամանցի «Skoll» կենտրոնը։ Երեք քննարկումներից յուրաքանչյուրն անդրադարձավ սոցիալական ազդեցության ֆիլմարտադրության տարբեր բնագավառների մարտահրավերներին և հնարավորություններին՝ իրավական ու էթիկական հարցերին, արտադրական ու բիզնես խնդիրներին, և վերջապես հենց ստեղծարար գործընթացին։ Քննարկումներն անկեղծ էին, սուր և հաճախ շատ բուռն, քանզի վերաբերում էին ինչպես ներկայիս, այնպես էլ պատմական դեպքերի։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից