Հայ-ռուսական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք


Հայ-ռուսական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք

  • 19-03-2018 18:17:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Մարտի 18-ին Ռուսաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային փորձագետների կողմից բնութագրվել են որպես ձևական ընտրություններ։ ԿԸՀ-ի արձանագրած նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի ղեկավարում է ՌԴ-ն 1999 թվականից (սկզբում նախագահի, 2008-2012թթ․ վարչապետի, իսկ 2012-ից ի վեր կրկին նախագահի պաշտոնում)։ Դիտարկենք Վլադիմիր Պուտինի վերջին երկու տասնամյակում ՌԴ արտաքին քաղաքականության ուղղությունը որոշող հիմնական անձի իշխանության ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները։ 
 
Ռուսական իմպերիալիզմը և Հայաստանը 
 
Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուց հետո ՌԴ քաղաքականությունը, որը 90-ականներին առավել կենտրոնացած էր ներքին խնդիրների կարգավորման վրա, կրկին վերադարձավ իմպերիալիստական ուղեծիր: Վլադիմիր Պուտինի արտաքին իմպերիալիստական քաղաքականության տեսանկյունից հետսովետական մի շարք երկրներ համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի, և Մոսկվայի կամքին հակառակվելու դեպքում, համարվում է, որ առաջնորդվում են օտար ուժերի կողմից՝ արևմուտքից, այլ ոչ թե ինքնուրույն պայքարում սեփական շահերի համար։ Բացառություն չի կազմում նաև Հայաստանը: 
 
Արձագանքը Հայաստանի ներքաղաքական անցուդարձին
 
Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր խոշոր շարժումների ընթացքում Ռուսաստանը ունեցել է հստակ պրո-իշխանական դիրքորոշում։ Այսպես, օրինակ, 2008թ․ շարժումը մի շարք ռուս իշխանամետ լրատվամիջոցներ որակեցին որպես գունավոր հեղափոխության փորձ, ութ տարի անց՝ 2015թ․ «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ընթացքում ևս իշխանամետ ռուսական մամուլը վիրավորական հրապարակումներ էր թողարկում ցուցարարների վերաբերյալ՝ նրանց անվանելով արևմուտքի գործակալներ և այլն։ 
 
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում լրատվամիջոցների մեծամասնությունը անազատ են, գտնվում են Կրեմլի վերահսկողության տակ ու սովորաբար կոնկրետ իրադարձությունները միանման են լուսաբանում: Արդյունքում Հայաստանի ակտիվ քաղաքացիների մի ստվար զանգված կորցրել է վստահությունը ՌԴ նկատմամբ: Թերևս, ՌԴ-ն միակ երկիրն է, որի դեսպանը կարող է իրեն թույլ տալ հայտարարել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ սեպ խրող հասարակական կազմակերպությունները պետք է չեզոքացնել նաև «այլ մեթոդներով»։ Հիշեցնենք, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ պարբերաբար առաջարկում են ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների համար ստեղծել Ռուսաստանում գործող «օտար գործակալների» օրենքը, որի միջոցով իշխանության կողմից բացարձակ վերահսկողության է ենթարկվում քաղաքացիական հասարակությանը։ 
 
ՌԴ-Ադրբեջան համագործակցությունը և Արցախյան հակամարտությունը
 
Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք տեղի ունեցավ ևս մի կարևոր փոփոխություն․ խախտվեց Լեռնային Ղարաբաղի հարցում նախկինում գոյություն ունեցող բալանսը: Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) միջազգային զենքի առևտրի վերաբերալ 2014թ. զեկույցի համաձայն՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանը 2005-2009 թվականների համեմատ 249%-ով ավելացրել է սպառազինությունների ներկրումը: Ըստ նույն զեկույցի՝ Ռուսաստանը մատակարարում է Ադրբեջանի հարձակողական զենքի 85%-ը: Հայաստան ներմուծված զինամթերքը 2010-14թթ. կազմել է Ադրբեջանի ներմուծումների ընդամենը 4%-ը: ՌԴ նմանօրինակ քաղաքականությունը խախտել է նախկինում հակամարտող կողմերի միջև գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը, ինչը առիթ տվեց Ադրբեջանին սանձազերծել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը: 
 
Եթե մինչև 2016թ. ապրիլը Հայաստանում լայն հանրությանը հայտնի չէր ՌԴ քաղաքականության նմանօրինակ փոփոխության մասին, ապա ապրիլից հետո այդ տեղեկատվությունը հանրայնացվեց՝ Հայաստանում ստեղծելով ընդհանուր անվստահության մթնոլորտ ՌԴ նկատմամբ: 
 
Վերևից ներքև քաղաքականություն
 
Թեև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կանոնավոր կերպով հայտարարում են, որ երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են, սակայն անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանք ուղղահայաց հարաբերություններ են: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թերևս այդ հանգամանքի ուժով հանկարծակի հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, թեև դրանից դեռևս մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը պատրաստվում էր գնալ Եվրամիության հետ ասոցացման ճանապարհով: 
 
Փաստորեն Վլադիմիր Պուտինի օրոք ՌԴ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ոչ այլ ինչ է, եթե ոչ վերադաս-ստորադաս հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը դիտարկում է Հայաստանին որպես իր ազդեցության ոլորտում գտնվող մի մասնիկ: Ընդ որում, Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին Ռուսաստանը մոնոպոլիզացրել է Հայաստանի էներգետիկայի որոշ ոլորտներ (օրինակ՝ գազի մատակարարումը)՝ հաճախ քաղաքական ճնշման մեթոդներով, սակայն այս հարցը հավելյալ քննարկման առարկա է։  
 
 
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն