ԱՄՆ-ն արդյոք կհամարձակվի՞ հարվածել Սիրիային և այդ կերպ «շնորհավորել» ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելը


ԱՄՆ-ն արդյոք կհամարձակվի՞ հարվածել Սիրիային և այդ կերպ «շնորհավորել» ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելը

  • 19-03-2018 22:20:09   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբն անցած շաբաթ օրը հայտնեց Սիրիային հարվածելու ԱՄՆ-ի հնարավոր նախապատրաստման մասին: Գլխավոր շտաբում մասնավորապես հայտնել են, որ կան նշաններ առ այն, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Սիրիային:
«Մենք հայտնում ենք հնարավոր հարվածին նախապատրաստվելու նշանների առկայության մասին,- ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:- Միջերկրական ծովի արևելյան մասում, Պարսից ծոցում և Կարմիր ծովում ստեղծված են թևավոր հրթիռների ծովային կրողների հարվածային խմբեր: Հարց է առաջանում` այդ հարվածներով ո՞ւմ է պատրաստվում աջակցել Միացյալ Նահանգները` «Ջաբհատ ան-Նուսրայի» ահաբեկիչներին և Արևելյան Ղութայում գտնվող նրանց զինակիցների՞ն»:
Գեներալը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել պետական օբյեկտներին և սիրիական զորքերին, մեղադրելով նրանց քիմիական զենքի կիրառման մեջ:
«Տվյալ սադրանքը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար պետք է պատրվակ ծառայի` Սիրիայի տարածքում զինվորական ու պետական օբյեկտներին հարվածելու համար»,- նշել է Սերգեյ Ռուդսկոյը:
Մարտի 17-ին, ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի նախագահի հեռուստառադիոհամալիրին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայի տարածքում գործում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Արտգործնախարարը նշել է, որ Վաշինգտոնն այլևս չի թաքցնում Սիրիայի տարածքում իր հատուկ նշանակության ստորաբաժանումների գտնվելը, և հավելել, որ դա արդեն պատերազմում ուղղակի ներգրավվածություն է:
Թեև արդեն պարզ է, որ ՌԴ նախագահի մարտի 1-ի հայտնի ելույթից հետո, որը նաև ԱՄՆ-ին ուղղված զգուշացում էր` իր դաշնակիցներին թեկուզ փոքր հզորության միջուկային հարվածի դեպքում անվերապահորեն միջուկային հարվածով պատասխանելու (անկախ դրա հնարավոր բոլոր հետևանքներից) պատասխանելու վերաբերյալ, Միացյալ Նահանգները չի համարձակվի Սիրիային մարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկով հարված հասցնել, սակայն Սերգեյ Ռուդսկոյի հայտնածից կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Միջերկրական ծովի արևելյան մասում, Պարսից ծոցում և Կարմիր ծովում ձևավորած իր հարվածային խմբերից (նավերից, հնարավոր է նաև սուզանավերից, ինքնաթիռներից) Սիրիային մի քանի հարյուր թևավոր հրթիռներով միաժամանակյա հարված հասցնել` այնպիսի ավերիչ հարված, որն ահաբեկիչներին և սիրիայի զինյալ ընդդիմությանը թույլ կտա ժամանակ շահել, իրենց ուժերը համալրել ու փորձել դարձյալ առավելություն ձեռք բերել Սիրիայի բանակի նկատմամբ:
ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական և պետական տարբեր թիրախների հարվածելու դեպքում արդյոք կհամարձակվի՞ հարվածել նաև Դամասկոսին… Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանել, սակայն Դամասկոսին ԱՄՆ-ի հարվածը քիչ հավանական է և կարող է իրականություն դառնալ, եթե, իհարկե, ԱՄՆ-ը կամ այս պետության ստվերային տերերը պատրաստ են Ռուսաստանի հետ ռազմական անմիջական բախման, որը կարող է վերածվել միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի: Պատերազմ, որը Սիրիայի տարածքում, չհայտարարված կերպով և առանց միջուկային զենքի կիրառման, արդեն իսկ սկսված է, եթե նկատի ունենանք պատերազմին բացահայտ ու թաքուն կերպով մասնակցող պետությունների մեծ թվակազմը` Սիրիա, Իրան, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա…
Հիշենք, որ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը մարտի 13-ին սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Դամասկոսին ԱՄՆ-ի հրթիռա-ռմբային հարվածին պատասխան միջոցներ կձեռնարկեն:
«Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կձեռնարկեն ազդեցության պատասխան միջոցներ ինչպես հրթիռների, այնպես էլ կրողների նկատմամբ, որոնք դրանք կկիրառեն»,- հայտարարել է բանակի գեներալը:
Կարևոր է նկատի ունենալ, որ Գլխավոր շտաբի պետի խոսքը ոչ միայն Դամասկոսում, այլև, ընդհանրապես, Սիրիայում գտնվող ՌԴ զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին է:
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետը նշել է, որ ԱՄՆ-ը սիրիական զորքերից բացի, կարող է հարվածել նաև Սիրիայի տարածքում գտնվող պետական օբյեկտներին: Եթե, այնուամենայնիվ, հարված հասցվի նաև պետական օբյեկտներին, ապա Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հիշյալ զգուշացումը զանց չառնելու պարագայում, այդ հարվածը կարող է հասցվել Սիրիայի տարածքում գտնվող միայն այն պետական օբյեկտներին (կամուրջներ, էլեկտրակայաններ, տրանսֆորմատորային ենթակայաններ, կապի, հեռուստատեսության միջոցներ և այլն), որոնք խոցելու դեպքում ՌԴ զինծառայողների կյանքին սպառնալիք չի առաջանա:
Նկատի ունենանք նաև այն, որ Սիրիային հարվածելու համար ԱՄՆ-ը կարող է նույնիսկ չսպասել իր աջակցությունն ունեցող ահաբեկիչների կամ զինյալ ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառմամբ կազմակերպված սադրանքի, որպեսզի դրա մեղքը բարդի Սիրիայի կառավարության, բանակի վրա և քիմիական զենքի կիրառումն իր հարձակման պատրվակ ծառայեցնի: Միացյալ Նահանգներն առանց հիմքերի, ապացույցների, արդեն իսկ հայտարարել է, որ Սիրիայի բանակը միայն 2018թ. ընթացքում առնվազն 7 անգամ քիմիական զենք է կիրառել: Բացի վերոնշյալից, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտի 12-ին վերջնագրի նման ներկայացրել է ԱՄՆ-ի բացահայտ սպառնալիքը Սիրիային հարվածելու վերաբերյալ, եթե վերջինս չդադարեցնի իր ռազմական գործողությունները Արևելյան Ղութայում: Նիքի Հեյլին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դարձյալ հարվածել Սիրիային, եթե պարզվի, որ ՄԱԿ-ն անընդունակ է հասնել Արևելյան Ղութայում կրակի դադարեցման: Այսինքն` ԱՄՆ-ի պահանջն արդեն ոչ միայն քիմիական զենք չկիրառելն է, այլև մայրաքաղաք Դամասկոսի քթի տակ, Արևելյան Ղութայում գտնվող և այնտեղից Դամասկոսին ամեն օր հարվածող ահաբեկիչների ու զինյալ ընդդիմության նկատմամբ սիրիական բանակի գրոհը կասեցնելը:
Անդրադառնալով Արևելյան Ղութան ահաբեկիչներից և զինյալ ընդդիմությունից ազատագրելու, այնտեղից նրանց կողմից Դամասկոսին հասցվող հարվածներին վերջ տալու նպատակով Արևելյան Ղութայում սիրիական բանակի առաջխաղացումը կասեցնելու, վերջինիս հսկողությանը ռազմավարական նշանակության այդ տարածքի անցումը թույլ չտալու ԱՄՆ-ի ջանքերին, նշենք, որ Միացյալ Նահանգներն այս հարցերում ևս ուշանում կամ ուշացել է արդեն: Սիրիայի բանակն այսօր իր վերահսկողության տակ է առել արևելյան Ղութայի արդեն 80 տոկոսը: Սիրիայի բանակայինների ու զինված ուժերի առաջխաղացումն արևելյան Ղութայի տարբեր շրջաններում շարունակվում է:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այցելելով Արևելյան Ղութայում, պատերազմի առաջին գծում գտնվող բանակի դիրքեր, Սիրիայի բանակայիններին ասել է. «Ահաբեկիչներին սպանելու համար սիրիացի բանակայինների արձակած գնդակը փոխում է աշխարհի հավասարությունները, Սիրիայի բանակայինների առաջընթացը փոխում է աշխարհի քաղաքական քարտեզը»:
Ասադն ահաբեկչության դեմ Սիրիայի բանակայինների պայքարը պանծալի է համարել, հավաստիացրել է, որ նրանք այսօր շարունակում են պատմություն կերտել:
«Դուք պատերազմում եք ահաբեկչության դեմ ոչ միայն Սիրիան, այլև աշխարհի բոլոր երկրներն այդ երևույթից պաշտպանելու համար»,- հավաստել է Սիրիայի նախագահը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play