Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կտեղադրվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր


Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կտեղադրվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր

  • 20-03-2018 15:03:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, քաղաքաշինության և հողի վերահսկողության  վարչություններին և տուրիզմի բաժնին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ:  
 
«Հաշվի առնելով տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը մայրաքաղաքում, ինչպես նաև այս տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներով հագեցած լինելու հանգամանքը, ինչն իր հերթին, անշուշտ, բերելու է զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, անհրաժեշտ է հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրել զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր: Ըստ այդմ, հնարավորին կարճ ժամկետում կազմակերպեք անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի առաջիկայում այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկայում մասնավորի հետ համագործակցված աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի հատկապես մարդաշատ ու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող հատվածներում հանրային զուգարաններ ստեղծելու ուղղությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն