Երիտասարդությունը բանակի կողքին է. ապրիլյան պատերազմի հերոսի եղբայրը անվադողերի նոր խմբաքանակ կուղարկի սահման․armenpress.am
20-03-2018 17:24:39 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայ երիտասարդները մշտապես իրենց նախաձեռնություններով բանակի կողքին են. ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանի նախաձեռնությամբ արդեն տեւական ժամանակ Արցախ է ուղարկում անվադողերի մեծ խմբաքանակ: Ժորա Աբգարյանը դեռեւս սեպտեմբերից հերոսի ընկերների աջակցությամբ տարբեր վայրերից հավաքում եւ պահեստավորում է անվադողեր, ապա այն ուղարկում սահման:
«Սկզբում գնում էինք գյուղեր, տարբեր տեղերից բերում էինք: Շատուշատ լավ մարդիկ եւս միացան մեզ: Մեծ աջակցություն է ցուցաբերում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հերոսի եղբայրը՝ տեղեկացնելով, որ 2017թ. սեպտեմբերից սկսած «Ուրալ» մակնիշի շուրջ 36-37 բեռնատարով անվադող է հավաքվել, որից սահման է ուղարկել 14-ը:
Նա նշեց, որ խրամատների ու սահմանապահ դիրքերի այլ տարածքների ամրացման նպատակով մեկնարկած նախաձեռնությունը շարունակական է լինելու: «Այս շաբաթ կրկին անվադողեր ենք ուղարկելու Արցախ»,-նշեց նա:
Ժորա Աբգարյանի խոսքով՝ իր նպատակն է հնարավորինս օգտակար լինել բանակին, տեսնել զինվորներին ավելի ապահով պայմաններում: «Ինձ ասում էին՝ չի ստացվի, իսկ ես ասացի՝ կանեմ, կտեսնեք: Ինձ մեծ ուժ է տալիս եղբայրս. ես գիտեմ, որ իրավունք չունեմ դժգոհելու կամ բողոքելու, որովհետեւ եղբայրս այս հողի համար զոհեց ամենաթանկը: Եթե մենք ապրենք ոչ մի բան չանելով, նշանակում է չենք ապրում: Այն, ինչ նրանք են սկսել, պարտավոր ենք շարունակել: Բառերով պարզապես դժվարանում եմ նկարագրել, թե ինչքան մեծ է սրտիս ցանկությունը»,-նշեց նա: