Հոգեբուժարաններում բուժօգնության վճարովի ցուցակ կա, Առողջապահության նախարարությունը հայտնել է՝ տեղյակ չէ. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը․ՄԻՊ


Հոգեբուժարաններում բուժօգնության վճարովի ցուցակ կա, Առողջապահության նախարարությունը հայտնել է՝ տեղյակ չէ. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը․ՄԻՊ

  • 21-03-2018 13:37:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ է արձանագրել:
 
Այս մասին այսօր «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցով հանդես գալու ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
Պաշտպանն ասաց, որ հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման աշխատանքներ են կատարվել, բոլոր այցերը կրել են չհայտարարված բնույթ, այցերն իրականացվել են հատուկ խմբերով:
 
«2017 թվականին ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Իրականացվել են մշտադիտարկման այցեր,կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ»,-ասաց Թաթոյանը:
 
 
 
Պաշտպանն ասաց, որ զեկույցը որևէ նպատակ չունի գնահատական տալու բժիշկ ների մասնագիտական որակին, զեկույցը նպատակ ունի վեր հանել խնդիրները, որոնք կապված են օրենսդրական թերությունների, անընդունելի պրակտիկայի հետ և այլն:
 
Անդրադառնալով բուժօգնությանը, որը ՀՀ օրենքով անվճար է, պաշտպանն ասաց, որ չնայած հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են:
 
«ՀՀ օրենքը պետությանը պարտադրում է անվճար բուժօգնություն ցուցաբերել: Այս կապակցությամբ մտահոգիչ է ներկայումս տարվող օրենսդրական քաղաքականությունը, հարց այն է, որ Առողջապահության նախարարությունը  նախագիծ է ներկայացրել, որը ներառում է անվճար բուժօգնության ենթակա  հիվանդությունների հիմնական ցանկը, բայց հոգեկան հիվանդությունների ցանկը չկա, այս մասին մենք մեր առարկությունը հայտնել ենք: Ավելին, հոգեկան բուժօգնության վճարովի ցուցակ կա մի շարք հոգեբուժական կազմակերպություններում՝ Ավանում, Նուբարաշենում, Գյումրիում, Սյունիքի և Լոռիի դիսպանսերներում:
 
Այդ սակագները սահմանված են ներքին իրավական ակտերով, իսկ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կենտրոններում մարզպետարանի որոշմամբ»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
 
Արման Թաթոյանը հայտնեց, որ այդ հարցով դիմել են Առողջապահության նախարարությունը, որտեղից գրավոր հայտնել են, որ հոգեբուժարաններում վճարովի հիմունքներով բուժօգնություն տրամադրելու մասին տեղեկատվության Առողջապահության նախարարությունը չի տիրապետում:
 
Արման Թաթոյանը հայտնեց, որ խնդիրներ կան հարկադիր բուժման հետ կապված, մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետներ, բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ, գերբնակեցման խնդիր կա և այլն:
 
«Այս զեկույցում ամեն խնդիր պարունակում է առաջարկ, այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև լուծման տարբերակները ներկայացվել են ոլորտի պատկան մարմիններին»,-եզրափակեց Թաթոյանը:
 
 
Բեթղեհեմ Արաբյա
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը