Հայաստանի ՔԿՀ-ներում պետք է գտնվեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վովա Գասպարյանը, Հայկ Հարությունյանը, Լիսկան...


Հայաստանի ՔԿՀ-ներում պետք է գտնվեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վովա Գասպարյանը, Հայկ Հարությունյանը, Լիսկան...

  • 21-03-2018 13:48:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

- Պարոն Սաքունց, երեկ դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 10,5 տարվա ազատազրկման։ Ինչպե՞ս եք գնահատում այդ վճիռը։ Տեսակետ կա, որ նման վճռով  համակարգը նրանից վրեժ է լուծում, և նա այսքան երկար չի մնա անազատության մեջ։
 
 
- Ես չգիտեմ՝ ինչ կստացվի հետո, որովհետև մինչ հիմա եղած մեր փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հետապնդումների և քաղաքական դատավարությունների հետևանքով ազատազրկված անձինք ոչ թե ազատության մեջ հայտնվել են արդարադատության իրականացման շնորհիվ` եթե արդարադատություն լիներ, նրանք ընդհանրապես չպետք է քրեական հետապնդման ենթարկվեին, այլ կիրառվել են հիմնականում համաներումներ կամ պայմանավորվածության են եկել և ներման դիմում են ներկայացրել։ Բայց  հիմնականում, իհարկե, միջազգային կառույցների ճնշման ներքո ստիպված են եղել գնալ համաներումների կիրառման։ Սա է հիմնական պատճառը, որ մենք չունենք արդարադատություն որպես այդպիսին։ Հակառակ պարագայում ոչ Ժիրայր Սեֆիլյանը, ոչ Գևորգ Սաֆարյանը, ոչ Ներսես Պողոսյանը, ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ, ոչ Կարո Եղնուկյանը չէին գտնվի ճաղերի հետևում և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ չէին սկսվի։ Նաև Հայկ Կյուրեղյանը նման մեծ ազատազրկման չէր դատապարտվի։ Այսինքն՝ արդարադատության առկայության դեպքում մենք չէինք ունենա այն դեպքերը, որոնք հիմա ունենք։
 
Ես համոզված եմ, որ բացարձակապես որևէ հիմնավոր փաստ չկա, որով կարող է ապացուցվել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի ու մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Բոլոր այն կարծիքները, որ իբր պատիժն է ավելի խիստ, ես մերժում եմ, որովհետև ընդհանրապես քրեական հետապնդում չպետք է լիներ։ Մեկ այլ կարծիքների խումբ կա, որոնք գտնում են, որ Սեֆիլյանը չի կարող մեղավոր չլինել։ Բայց մեղադրել մարդուն, որ լինելով անազատության մեջ՝ զինված գործողություններ է կազմակերպել կամ աջակցել, ընդհանրապես անհեթեթություն է, որովհետև որևէ հիմք չկա նման մեղադրանք առաջադրելու։ Ավելին, դեռևս 2015 թվականին Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և ևս 5 հոգու նկատմամբ հարուցված քրեական գործը, թե իբր նպատակ են ունեցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բացարձակապես անհիմն ու ապօրինի էր։ Երբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեցին կալանքը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից առաջ, ապա փոխեցին խափանման միջոցը, բայց քրեական գործը չկարճվեց, շարունակվեց  քրեական հետապնդումը, դա արդեն իսկ հանդիսանում է ապօրինություն, որը միաժամանակ ցույց է տալիս, որ ապօրինի քրեական հետապնդման միջոցով մարդկանց քաղաքական հետապնդում է իրականացվում։
 
Հիմա սա պարզապես աննախադեպ է, որովհետև Հայաստանի ՔԿՀ-ներում պետք է գտնվեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վովա Գասպարյանը, Հայկ Հարությունյանը, Լիսկան, այդ օլիգարխներն ու նրանց քաղաքական հայրերը, որոնք օրը ցերեկով թալանել, սպանել, ոչնչացրել են, խայտառակ պայմանագրեր են ստորագրել։ Սրանք են հանցագործություն իրականացնողները, բայց քանի դեռ հանցագործություն իրականացրած անձինք մնում են ոչ միայն անպատիժ, այլև շարունակում են իշխանություն իրականացնել, նման պայմաններում նրանց դեմ հանդես եկող, առավել կոշտ պահանջներ ներկայացնող քաղաքական ներկայացուցիչները հայտնվելու են բանտում։ Բայց այլ հարց է, թե արդյոք սա կարող է այսպես շարունակվել։ Կարծում եմ՝ անհնար է։
 
 
-Տեսակետ կա, որ Ժիրայր Սեֆիլյանին չներվեց հատկապես 800 հա տարածքի կորստի մասին բարձրաձայնելուց հետո, և, ըստ էության, իշխանությունը վրեժխնդիր եղավ նրանից։ Համամի՞տ եք։
 
 
 
-Ընդհանրապես, իշխանություն ասելիս պետք է կոնկրետացնել, որովհետև իշխանությունը շատ ընդհանրական հասկացություն է։ Հայաստանում կա մեկ իշխանություն, դա Սերժ Սարգսյանի անձնավորված իշխանությունն է, և իշխանական համակարգի մնացած սեգմենտները, անձերը ընդամենը սպասարկում են Սերժ Սարգսյանի միանձնյա իշխանությունը։ Երկրորդ, կա հստակ օրինաչափություն. Սերժ Սարգսյանն ինքը քաղաքական որոշումները կայացնում է առանձին քաղաքական ընդդիմադիրներին նման ծայրահեղ կերպով պատժելու համար միայն մի դեպքում, երբ կա անձնական վրեժխնդրություն։ Նա խիստ անձնավորված է մոտենում և ունի լուրջ թերարժեքության զգացում։ Ինքը միշտ երբ զգում է, որ ինչ-ինչ անձնական տվյալներով կամ կենսագրության հետ կապված, կամ մտքի հետ կապված, կամ բնույթի հետ կապված իր շրջապատում կամ Հայաստանում կան մարդիկ, որոնց մոտ ինքը լիարժեք չի զգում, նրանց ազատազրկում է։ Սա տիպիկ ստալինյան ոճի կառավարման բնույթն է։
 
Այս իրավիճակում շատերը դառնում են ծաղրածուներ, հարմարվում են, վախից սպասարկուներ են դառնում կամ սպասարկում են պաշտոնների ու ֆինանսական ապահովվածության սպասելիքներով։ Իսկ մարդիկ, որոնք չեն գնում որևէ գործարքի, նրանք թիրախավորվում են Սերժ Սարգսյանի կողմից։ Ինքը հանգիստ է զգում իրեն, երբ այդ մարդիկ գտնվում են ճաղերի հետևում։ Ինքը կարծես հոգեբանական բավարարվածություն է ստանում։ Սա լուրջ հոգեկան խնդիրների առկայության մասին է խոսում։ Այս առումով, թե 800 հեկտարն է, թե խոսքն է, թե մարտական ուղին է, թե մտածելակերպն է, կարող են ամենատարբեր պատճառները լինել։ Բայց մյուս կարևոր բանն այն է, որ ինչն էլ լինի առիթը իր վերաբերմունքի կամ քաղաքական որոշման համար, դա ինքը անձնավորված է դիտարկում։ Սա է ամբողջ ողբերգությունը իր, իր շրջապատի և Հայաստանի, և որից որքան շուտ ազատվենք, այնքան լավ թե իր համար, թե պետության, թե մարդկանց։ Այս ոճով կառավարումը ողբերգություն է և կորուստների է հանգեցնում՝ նյութական, մարդկային, ֆինանսական, ժամանակի և այլն։
 
 
 
-Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ակնարկեց, որ կառաջադրվի վարչապետի պաշտոնում մեկ հավելումով, որ պետք է պատրաստել երիտասարդ սերնդին։ Նրա վարչապետ դառնալու ծրագրի դեմ պայքար է սկսվել։ Ձեր կարծիքով, նրան հաջողվելո՞ւ է իր սցենարն իրագործել։
 
 
-Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցներին չպետք է լուրջ մոտենալ։ Նա բացարձակապես, թե ահել, թե ջահել, որևէ մեկին չի վստահում։ Նա միայն վստահություն զգում է, երբ ունի իշխանություն։ Ինքը սերտաճած է պաշտոնին, դա իր կենսաբանական մասն է զգում, առանց որի ինքը գոյություն ունենալ չի կարող։ Իսկ դա ապահովելու համար ամենատարբեր ձևակերպումները, ամենատարբեր պատրվակները կարող է բերել, որոնք իրենց բնույթով որևէ էական նշանակություն չունեն, որովհետև եթե պետք է այդպես ասել հիմնավորելու համար իր իշխանության շարունակությունը, ապա կասվի։ Որևէ տրամաբանական փաստարկ նա չի էլ կարողանում ներկայացնել։ Նա ավելի քան 25 տարի եղել է բարձրագույն պաշտոնների և առնվազն մի 5 հոգու կարող էր և իր փորձը փոխանցել, և գիտելիքները փոխանցել, և ընդհանրապես գոնե համախոհներ ձեռք բերել։ Ինքն ընդհանրապես անձնական մակարդակում համախոհ չունի, քանի որ ոչ մեկին չի վստահում, իրեն էլ չեն վստահում։ Բայց նա տիպիկ ԿԳԲ-ական, ստալինյան ոճի կառավարման ներկայացուցիչ է, որը մարդկանց հանդեպ իշխանությունն իրականացնում է վախի, դոսիեների և դիմացինների խոցելի կողմերի հիման վրա։ Սա իր բնույթով արատավոր իշխանություն է։ Կհաջողվի նրան սա, թե ոչ. պետք է ասեմ, որ ինքը այլ տարբերակ չունի, նա այլ կերպ չի էլ մտածում և ինքը մնալու է իշխանության, ըստ իր կարծիքի, մինչև կյանքի վերջը։ Ինքը կարծում է, որ չի կարող գոյություն ունենալ, եթե չունի իշխանություն։ Ինքը նույնիսկ դրա համարձակությունը չունի՝ մնալ առանց իշխանության կամ առանց պաշտոնի։
 
Պետք է հասկանալ, որ սա իրապես անձնական, հոգեբանական գործոն է, որի հիման վրա Հայաստանում ձևավորվել է անձնակենտրոն իշխանությունը։ Այդ իշխանությանը ենթարկվում են հոգով, մտքով և բնավորությամբ շատ թույլիկ մարդիկ, որոնք համարձակություն չունեն ճշմարտությունն ասելու, որոնք իրենց ֆիզիկական կամ բարոյական գոյությունը տեսնում են Սերժ Սարգսյանի անձնակենտրոն իշխանությանը հարմարվելու մեջ։
 
Հիմա հարցը՝ արդյոք սա կարող է երկար տևել. Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի կարող, որովհետև Հայաստանը չունի այդքան ռեսուրսներ։ Հիմա մյուս հարցը, եթե ինչ-որ մի պահի կանգնելու է սա, ամենայն հավանականությամբ, ֆորսմաժորային իրավիճակներում, ապա մենք պատրա՞ստ ենք Սերժ Սարգսյանից հետո կառավարելի, զարգացման նախադրյալներ ունեցող երկիր ունենալուն։ Սա է ինձ ամենաշատը հետաքրքրում։ Այն, որ Սերժ Սարգսյանն ապագա չունի և շատ շուտ է նրա իշխանությունը ավարտվելու, ես դրանում չեմ կասկածում։ Բայց թե ինչ ենք անելու նրանից հետո, դա է ինձ մտահոգում, որովհետև նրա այս պահին արված քայլերը կարճ կյանք ունեն և հեռանկար չունեն։ Այս պահին ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության կողմից քաղաքացիներին հավաքելու գործընթացը։ Նախ, ընդդիմություն ասածը ես չեմ դիտարկում միայն կուսակցություններին։ Ավելին, կուսակցությունները չեն Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմությունը, այլ ամբողջ հանրությունը, բացառությամբ մի քանի տոկոս սպասարկողների։ Ինչու չի ստացվում կազմակերպել ընդդիմությանը, կամ չի ձևավորվում այն ուժը, որ այդ ներուժը փորձարկի և արդյունք ունենա։ Պատճառները շատ են, իհարկե, այստեղ կա վստահության հարցը։
 
Որն է այն խոսքը, այն ուղերձը, այն գաղափարը, որը կարող է մարդկանց այս պահին միավորել։ Մենք տեսնում ենք, որ ազատությունը, արժանապատվությունը, բարոյական այնպիսի հատկանիշները, որոնք բնորոշ են ցանկացած քաղաքակիրթ, արժանապատիվ մարդու, դեռևս չեն աշխատում, բայց դա չի նշանակում, որ մարդիկ չունեն դա։ Այդ առումով ես ամենևին համաձայն չեմ այն բոլոր գնահատականներին, որոնք խիստ բացասական են ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին՝ ելնելով այն փաստից, որ հիմա մեծ մասն անտարբեր է և չի արձագանքում միավորման կոչերին։ Շատ լավ արձագանքում են, շատ դժգոհ են իշխանությունից, որքան էլ «Հ1»-ով և իրենց հպատակ վերլուծաբաններով աղավաղեն իրականությունը, այդուհանդերձ, մարդիկ շատ լավ գիտեն իրական վիճակը և զոմբիացված չեն, ինչպես շատերն են նշում։ Ոչ ոք 1988 թվականին չէր պատկերացնում, որ կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Նույն անտարբեր հասարակությունն էր, թեև տնտեսական վիճակն ավելի լավ էր, քան հիմա։ Սերժ Սարգսյանը հասցրել է աղքատության շեմին բնակչության առնվազն 1/3-ին, և դա բավական լուրջ սահմանափակող գործոն է, որը չենք կարող հաշվի չառնել։ Փոքր ու միջին բիզնեսը նա պարզապես ոչնչացրել է որպես խավ։ Մարդիկ ինքնուրույն չեն անգամ որպես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Այդ տոտալ վերահսկողության պայմաններում մարդկանց հավաքելը բավական դժվար գործ է, բայց միաժամանակ մարդկանց անընդհատ այդ տոտալ հսկողության տակ պահելը առավել անհնար գործ է։ Սա է ողբերգությունը, որ մեզ մոտ փոփոխության գործընթացը կարող է սկսել շատ անակնկալ, անսպասելի ու անկանխատեսելի։
 
Ինձ ավելի շատ մտահոգում է, թե ինչ ենք անելու և ինչպես ենք անելու Սերժ Սարգսյանից հետո։ Սա պետք է լինի մեր հիմնական մտահոգությունը։ Այն, որ Սերժ Սարգսյանը գոյություն չի ունենալու որպես իշխանություն, ինձ համար միանշանակ է։ Նա կարող է դեռ որոշ ժամանակ իշխանություն իրականացնի, այդ ընթացքում բավական լուրջ արհավիրքներ բերի, լուրջ խնդիրներ ստեղծի։ Ասենք մի 10 հոգու էլ ազատազրկեց, ևս մի 20 տոկոսի էլ աղքատացրեց, ևս մի 300 հազար մարդ էլ հեռացավ, դա իր քաղաքականության անխուսափելի հետևանքներն են լինելու, բայց նույնիսկ եթե մնա մեկ մլն բնակչություն, նա չի կարողանալու այդ մեկ միլիոնին այսպես ղեկավարել։ Դա անհնար է, պատմության մեջ որևէ մեկին չի հաջողվել անընդհատ մարդկանց պահել ստրկության մեջ։ Նա շատ լավ դա գիտակցում է, բայց ժամանակի վրա է խաղում՝ որքան հնարավոր է երկարաձգել իր իշխանությունը՝ թքած ունենալով թե պետության, թե Ղարաբաղի խնդրի, թե մարդկանց վրա։ Նա բացարձակապես պատասխանատվություն չունի պետության ու մարդկանց առջև։ Նա ունի միայն մեկ մտահոգություն՝ ինչպես ապահովել իշխանության շարունակականությունը։ Բայց իշխանության պահպանումը նման մոտեցումներով կործանարար է առաջին հերթին հենց իր համար, և պետք է մտածել, թե ինչպես անել, որ երբ նա կործանվի, ավերակները փորձենք մաքրել, վերստին պետությանը շունչ տանք և սկսենք պետության զարգացման նորմալ գործընթաց։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play