4000 սմ ռեկորդային երկարությամբ պատրաստված գաթան իր յուրահատուկ համով գերեց ոչ միայն երևանցիներին, այլև զբոսաշրջիկներին (ֆոտոշարք)


4000 սմ ռեկորդային երկարությամբ պատրաստված գաթան իր յուրահատուկ համով գերեց ոչ միայն երևանցիներին, այլև զբոսաշրջիկներին (ֆոտոշարք)

  • 21-03-2018 17:14:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն ունեցող աշխարհի ամենաերկար գաթան՝ պատրաստված ոչ ավանդական բաղադրատոմսով, այսօր մատուցվեց երևանցիներին և մայրաքաղաք այցելած հյուրերին: 
 
Ռեկորդային երկարություն ունեցող գաթայի համտես-հյուրասիրությունը նախաձեռնել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը՝ նվիրված «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղի 4-ամյակին: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը, յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթան թխվել է 2 օրում՝ 3 հրուշակագործների մասնակցությամբ: Այն պատրաստելու համար պահանջվել է 55 կգ ալյուր, 20 կգ շաքարավազ, 75 կգ կարագ, 25 կգ նուշ, 300 ձու և 30 կգ հայկական չիր: 
 
Կարևորելով ոչ մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը հերթական նախաձեռնությամբ փորձեց երևանցիների և զբոսաշրջիկների համար ստեղծել յուրօրինակ միջոցառում՝ միաժամանակ ճանաչելի դարձնելով հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան: 
 
«Ազգային խոհանոցը ներկայացնելիս՝ մենք սովորաբար այն ներկայացնում ենք նորովի, և այս գաթան ևս բացառություն չէր: Ցանկացանք, որպեսզի մի քանի ժամ մայրաքաղաքն ուրախ տրամադրության մեջ լինի, նաև հետաքրքրացնենք երևանցիների և քաղաքի հյուրերի առօրյան»,- նշեց «Երեմյան Փրոջեքթս»-ի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ չնայած գաթան ռեկորդային երկարություն ունի, այդուհանդերձ, այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու մասին չեն մտածել: 
 
Այս «համեղ» իրադարձությանը մասնակցեցին շուրջ 300 երևանցիներ, բազմաթիվ հյուրեր և զբոսաշրջիկներ, ովքեր մեծ ոգևորությամբ համտեսեցին և գնահատեցին հայկական խոհանոցի ամենասիրված աղանդերներից մեկը:
 
 
Լուսանկարները՝ «Նոյյան Տապանի»
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play