Հայի գիտակցության մեջ պետք է մտցնել, որ Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, այլ ոչ նրա վասալը (տեսանյութ)


Հայի գիտակցության մեջ պետք է մտցնել, որ Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, այլ ոչ նրա վասալը (տեսանյութ)

  • 21-03-2018 15:22:27   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ընտրություններում բարձր ցուցանիշներով հաղթելն Արևմուտքում ընկալվում է որպես հետամնացության դրսևորում: 
 
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններին և դրանից բխող աշխարհաքաղաքական  հետևանքներին: 
 
Ըստ նրա՝ դեռևս 2007 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարել էր Ռուսաստանի՝ առանձին բևեռ դառնալու ձգտումների մասին, որն այսօր շարունակվում է: 
 
«Ինչքանո՞վ կկարողանան սա հաջողեցնել. Ես այստեղ երկու հակասական տենդենց եմ ուզում տեսնել՝  այն երկիրը, որն ունի ռազմական պոտենցիալ և տնտեսական ոչ ակնառու հաջողություններ, գնում է միլիտարիզմի ճանապարհով: Ռուսաստանի պարագայում սա նորություն չի, ինչը քաղաքականության մեջ կբերի արկածախնդրության և վտանգավոր շարժերի»,- նշեց Լ. Շիրինյանը՝ շեշտելով, որ ՌԴ-ում ավտորիտար ռեժիմը գնալով ուժեղանում է:  
 
Քաղաքագետը նկատեց, որ նշյալ համատեքստում Հայաստանը կարող է ոչ բարենպաստ դիրքում հայտնվել այն դեպքում, եթե Վաշինգտոնի կողմից Հարավային Կովկասը դիտվի որպես ռուսական ազդեցության գոտի: 
 
Նրա խոսքերով՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Միացյալ նահանգներում ցուցաբերված ընդունելությունից և Հայաստանի նկատմամբ Եվրամիության փոփոխվող վերաբերմունքից կարելի է ակնկալել, որ Հարավային Կովկասն, այնուամենայնիվ, որպես ռուսական ազդեցության գոտի չի դիտարկվի: 
 
«Այստեղ մեր դերակատարությունն ու անվտանգությունը կմեծանա: Ունենք պատմական շանս առաջ շարժվելու, մեր հայրենիքը մեծացնելու, լավագույն պետություն ստեղծելու համար»,- ընդգծեց բանախոսը` շեշտելով. «Հայի գիտակցության մեջ պետք է մտցնել, որ Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, այլ ոչ նրա վասալը»:
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play