4000 սմ ռեկորդային երկարությամբ և ոչ ավանդական բաղադրատոմսով պատրաստված գաթան այսօր մատուցվեց երևանցիներին և մայրաքաղաք այցելած հյուրերին


4000 սմ ռեկորդային երկարությամբ և ոչ ավանդական բաղադրատոմսով պատրաստված գաթան այսօր մատուցվեց երևանցիներին և մայրաքաղաք այցելած հյուրերին

  • 21-03-2018 17:01:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն ունեցող աշխարհի ամենաերկար գաթան՝ պատրաստված ոչ ավանդական բաղադրատոմսով, այսօր մատուցվեց երևանցիներին և մայրաքաղաք այցելած հյուրերին: 
 
Ռեկորդային երկարություն ունեցող գաթայի համտես-հյուրասիրությունը նախաձեռնել էր «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը՝ նվիրված «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղի 4-ամյակին: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը, յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթան թխվել է 2 օրում՝ 3 հրուշակագործների մասնակցությամբ: Այն պատրաստելու համար պահանջվել է 55 կգ ալյուր, 20 կգ շաքարավազ, 75 կգ կարագ, 25 կգ նուշ, 300 ձու և 30 կգ հայկական չիր: 
 
Կարևորելով ոչ մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը հերթական նախաձեռնությամբ փորձեց երևանցիների և զբոսաշրջիկների համար ստեղծել յուրօրինակ միջոցառում՝ միաժամանակ ճանաչելի դարձնելով հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան: 
 
«Ազգային խոհանոցը ներկայացնելիս՝ մենք սովորաբար այն ներկայացնում ենք նորովի, և այս գաթան ևս բացառություն չէր: Ցանկացանք, որպեսզի մի քանի ժամ մայրաքաղաքն ուրախ տրամադրության մեջ լինի, նաև հետաքրքրացնենք երևանցիների և քաղաքի հյուրերի առօրյան»,- նշեց «Երեմյան Փրոջեքթս»-ի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ չնայած գաթան ռեկորդային երկարություն ունի, այդուհանդերձ, այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու մասին չեն մտածել: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի հաղթողներին

  • 21-03-2018 17:18:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի արդյունքերը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը:
 
Հարկ է նշել, որ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևանի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 171 կրթական հաստատություն, որոնցից եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 10-ը դպրոցների թիմեր:
Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի «Ուսում» հանրակրթական  դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 և Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոցների թիմերը: 
Հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն, ի դեպ, ավանդույթի համաձայն այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն