Կայացել է ՀՀ ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի թիմի միջև ընկերական խաղը

21-03-2018 17:47:21   | Հայաստան  |  Սպորտ
 


 
Մարտի 21-ին Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջև ընկերական խաղը: Խաղին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ինչպես նաև՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Գիորգի Սագանելիձեն: 
 
Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ և վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի  մարզադպրոցի սաները:
 
Դիտարժան խաղն ավարտվեց հայ մարզիկների հաղթանակով՝ 33-21 հաշվով: Միջոցառման ավարտին հայ և վրացի անվասայլակավոր մարզիկները պարգևատրվեցին համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի դեսպան Գ. Սագանելիձեի և ԱԻ նախարար Դ. Տոնոյանի կողմից:
 
Ողջունելով մարզիկներին՝ Դ. Տոնոյանը նշեց, որ մարզասարահում ստեղծվել էր արտակարգ տրամադրություն և ոգևորություն, ինչն աննախադեպ դիտարժան խաղ ապահովեց: 
-Այսօրվա հանդիսավոր միջոցառումը հարգանքի տուրք էր մեր մարզիկներին, ովքեր այս նախաձեռնության հեղինակներն են: Նրանց՝ սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ հավատը ոգեշնչման օրինակ է բոլորիս համար: Այսպիսի միջոցառում տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ, և մեզ համար այն պատշաճ մակարդակով անցկացնելը մեծ պատասխանատվություն էր, ինչը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների աջակցության: Առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝  արտակարգ իրավիճակների նախարարությունը կարևորում է նաև առողջ ապրելակերպը և սպորտը, ուստի կանենք ամեն ինչ նման միջոցառումների շարունակակնության ապահովման համար: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սպորտի և երիտասարդաության հարցերի նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայկական կարմիր խաչի ընկերությանը:  - եզրափակեց ԱԻ նախարարը:  
 
Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Գ. Սագանելիձեն նշեց, որ այս բարեկամական հանդիպումը հոգու անհաղթելիության, ներքին տոկունության, անպարտելիության,  հույսի և սիրո  տոնն է: 
- Հաջողություններ եմ մաղթում այսօրվա ընկերական մրցույթի յուրաքանչյուր մասնակցին: Այսօր չկան հաղթողներ և պարտվողներ: Ես խորապես համոզված եմ, որ այս ընկերական մրցույթում հաղթեց վաղվա օրվա հույսը, կյանքի սերը, կամքը, եղբայրությունը և բարեկամությունը, - ասաց Վրաստանի դեսպանը:
 
Վրաստանի՝ անվասայլակներով բասկետբոի ֆեդերացիայի նախագահ, թիմի ավագ Իրակլի Գիորգիաձեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, և իր համար հայկական հյուրընկալությունը անակնկալ չէ: 
- Այստեղ մարդիկ շատ սիրալիր են և հյուրընկալ: Ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը հայ ժողովրդին: Հաջորդ առաջնությունը նախատեսում ենք անցկացնել Վարաստանում, կհրավիրենք նաև ԱԻ նախարարության թիմին: Այս թիմը շատ ուժեղ է, բացի այդ շատ լավ տղաներ են, - ասաց Ի. Գիորգիաձեն:
 
Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է և պատրաստվում միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 151 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար