ՀՌՀ-ում բացվել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնը


ՀՌՀ-ում բացվել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնը

  • 21-03-2018 19:10:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայ-Ռուսական համալսարանում այսօր կայացել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: 
 
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել  ճապոնական ժողովրդին և Ճապոնիայի կառավարությանը՝  Կենտրոնի ստեղծման հարցում ցուցաբերած աջակցության համար: «Մեր համալսարանը երևի առաջնեկն է մեր երկրում ճապոնագիտության՝ որպես ակադեմիական ծրագրի ներդրման հարցում: Ես այսօր հպարտանում եմ, որ մեր համալսարանի պատերի ներսում հնչում է ճապոներենը: Ես մեծապես համոզված եմ մեր երկու գեղեցիկ ժողովուրդների միջև կապերի, համագործակցության, մշակութային՝ այդ թվում նաև բիզնեսի ու գիտության համագործակցության մեծ ապագային, և ես հավատում եմ այդ ապագային»,-նշել է նա:  
Կենտրոնը ստեղծվել է Ճապոնիայի ԱԳՆ «Դրամաշնորհային օժանդակություն ֆունդամենտալ մշակութային ծրագրերին» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան անմիջական օգնությամբ: 
«Երբ երեք տարի առաջ նշանակվեցի դեսպան ինձ համար առաջնահերթ խնդիր դրեցի, որ Հայաստանում լայն տարածում գտնի ճապոներենի ուսուցումը: Կարծում եմ, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է տիրապետել այդ երկրների լեզուներին: Ես հուսով եմ, որ այս կենտրոնի շնորհիվ Դուք նոր և որակյալ կադրեր կաճեցնեք, որոնք հետագայում նպաստելու են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը», - ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային պատմություն և արտասահմանյան տարածաշրջանագիտություն ամբիոնում 2009թ.-ից սկսվել է ճապոներենի ուսումնասիրությունը: Այդ տարիների ընթացքում ճապոներեն լեզվի բաժինը ունեցել է 15 շրջանավարտ, իսկ այս պահին բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում է 28 ուսանող:
Իր հերթին Հայաստանում ճապոներենի ուսուցման հիմնադիր և ՀՌՀ-ում ճապոներենի դասախոս Կարինե Քարամյանը  հայտնել է, որ կենտրոնի բացման հետ մեծ հույսեր է կապում: «Մենք այսուհետ կկարողանանք այս նորագույն նյութատեխնիկական բազայի վրա կիրառել նոր մեթոդներ, քանի որ արդեն ունենք համապատասխան սարքավորումներ: Բացի այդ՝ հեռակառավարման նորագույն համակարգի շնորհիվ այս սենյակից կկարողանանք ուղիղ կապ հաստատել այլ համալսարանների հետ» - ընդգծել է նա:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play