Հայոց հողը խլածների ու Հայոց ցեղասպանությունն իրականացրածների համար այսօր այդ հողը դարձել է անիծյալ, զոհերը հաջորդում են մեկը մյուսին


Հայոց հողը խլածների ու Հայոց ցեղասպանությունն իրականացրածների համար այսօր այդ հողը դարձել է անիծյալ, զոհերը հաջորդում են մեկը մյուսին

  • 21-03-2018 22:18:31   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
 
 
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սպառնացել է, որ եթե Իրաքի իշխանությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK) չկարողանան սանձել, ապա դա կանի Թուրքիայի բանակը` անակնկալ հարձակվելով Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի վրա: Այս մասին Էրդողանը հայտնել է դատավորների և դատախազների հետ հանդիպման ընթացքում։
Նկատի ունենալով, որ Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում է գտնվում ՔԲԿ-ի ռազմաբազան, դիմելով Իրաքի իշխանություններին, Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Որտե՞ղ է երկրորդ Քանդիլը։ Սինջարում է։ Եթե դուք կլուծեք այդ հարցը, ուրեմն լուծեք։ Իսկ եթե չեք լուծելու, ապա մենք մի գիշեր հանկարծակի կմտնենք Սինջար և այն կմաքրենք PKK-ից։ Եթե չեք մաքրելու Սինջարը PKK-ից, ապա դա թողեք մեզ։ Մենք դա կանենք։ Թուրքիայի վարչապետի հետ հիմա այդ հարցն ենք քննարկում։ Եթե գործը շատ ձգձգվի, ապա կսկվի նոր «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիա»։
Թուրքիայի բանակի կողմից Աֆրինի գրավումից հետո Էրդողանը դարձել է ավելի ինքնավստահ ու, դատելով ամենից, մտադիր է Թուրքիայի համար երկարաժամկետ հեռանկարով լուծել քրդական խնդիրը` ոչնչացնել այն բոլոր կամ գրեթե բոլոր քրդերին, որոնց ձեռքին զենք կա: Էրդողանի այն խոսքը, որ «Թուրքիայի վարչապետի հետ հիմա այդ հարցն ենք քննարկում», նշանակում է, որ Թուրքիան արդեն պատրաստվում  է Իրաքի Սինջար շրջանում  ՔԲԿ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել։
Թուրքիայի նախագահը, ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Ստամբուլում մարտի 19-ին ասել է. «Թուրքիան Իրաքի կենտրոնական իշխանությանը բազմիցս հիշեցրել է, որ այդ երկրի հյուսիսում գտնվող Սինջարի տարածքի բարձունքները վերածվել են ահաբեկիչների համախմբման վայրի, ու եթե նրանց սանձելու համար Բաղդադի կողմից քայլեր չձեռնարկվեն, այդ տարածքի դեմ ռազմական հարձակում կիրականացվի»:
Թուրքիան քանիցս հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից 100 կմ հեռավորության վրա և Սիրիայի սահմանի մերձակայքում գտնվող Սինջար քաղաքի մոտակա լեռները, ինչպես նաև Իրաքի տարածքում, Իրանի սահմանի մոտ գտնվող Քանդիլի բարձունքները ՔԲԿ ուժերի կենտրոնացման վայրի են վերածվել: Թուրքիան ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն համարելով, անցած տարվանից Թուրքիայի տարածքում ու Իրաքի հյուսիսում նրա անդամներին հետապնդելու և ոչնչացնելու նպատակով ծավալուն գործողություններ է սկսել: Օրինակ, այս տարվա հունվարին թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների դիրքերին, այդ հարվածները պարբերական բնույթ ունեն: Թուրքիայի հարյուրավոր ուժայիններ և ՔԲԿ ավելի քան 7 հազար անդամներ զոհ են դարձել թուրք-քրդական բախումների:
Օրերս, ինչպես տեղեկացնում է «Haberler»-ը, ՔԲԿ զինյալները Բիթլիսում և Դիարբեքիրում հարձակումներ են իրականացրել թուրքական զինուժի վրա: Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում կատարված հարձակման հետևանքով 2 մարդ է սպանվել, որոնցից մեկը քաղացիական անձ, իսկ մյուսը՝ զինվորական։ Բիթլիսում քուրդ զինյալների հարձակման արդյունքում սպանվել է 1 քաղաքացիական անձ, ևս չորսը՝ վիրավորվել:
Բիթլիսն ու Դիարբեքիրը (Տիգրանակերտը) ոչ վաղ անցյալում հայկական քաղաքներ էին, հայերից դրանք խլածների ու Հայոց ցեղասպանությունն իրականացրածների համար այսօր հայոց հողը դարձել է անիծյալ, զոհերը հաջորդում են մեկը մյուսին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական