Շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ կստեղծվեն


Շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ կստեղծվեն

  • 22-03-2018 14:04:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հաստատել է Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Այն նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, որն  առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսացող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները, ջրային ռեսուրսները, մթնոլորտը: 
 
 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
Գործադիրը հավանություն է տվել  ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը  մինչև 2023 թ. օգոստոսի 20-ը: Հիմնավորման համաձայն՝ 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա:
Հավանության է արժանացել ««Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը:
Գործադիրը հավանություն է տվել 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
 
 
 
Այլ որոշումներ
 
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ ԱԺ նախագահին մարտի 23-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/ վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թ. նախահաշիվը: Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ նախատեսվում է կնքել  դրամաշնորհի հատկացման պայմանագիր` համապատասխան ծրագրային նպատակների իրականացման համար: Ծրագրի գումարը կազմում է 212356.38 ԱՄՆ դոլար: Այն հնարավորություն կտա ապահովել հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության  ու հաշվետվողականության բարելավումը, ներառյալ` ծառայությունների և ապրանքների գնումը  և բաշխումը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն