Pro Chess լիգայի Արևելյան ենթախմբի հաղթող է ճանաչվել Armenian Eagles թիմը․ ՀՇՖ


Pro Chess լիգայի Արևելյան ենթախմբի հաղթող է ճանաչվել Armenian Eagles թիմը․ ՀՇՖ

  • 22-03-2018 14:36:28   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Երեկ տեղի ունեցան Chess.com խոշորագույն շախմատային կայքի կազմակերպած PRO Chess League մրցաշարի ենթախմբային փուլերի եզրափակիչները: Մրցաշարին մասնակցող թիմերը՝ըստ աշխարհագրական դիրքի, բաժանված էին 4 ենթախմբերի՝ Արևելյան, Կենտրոնական, Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան: Հայաստանը ներկայաղնող Armenian Eagles (Հայկական արծիվներ) թիմն ընդգրկված էր Արևելյան ենթախմբում:
 
Ենթախմբի 8 թիմերը միմյանց միջև անցկացրել էին շրջանային մրցաշար, որի արդյունքում 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը իրավունք էին ստացել շարունակելու պայքարը: Շրաջանային մրցաշարում մեր թիմը 6.5 միավորով զբաղեցրել էր առաջին հորիզոնականը: Նշենք, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի թիմը այս ենթախմբում գրավել էր միայն 5-րդ հորիզոնականը և դուրս մնացել հետագա պայքարից: Ենթախմբի կիսաեզրափակչում  Armenian Eagles –ը առավելության էր հասել Էստոնիայի թիմի նկատմամբ: Եզրափակչում մեր թիմի մրցակիցն էր Mumbai Movers ակումբը, որի կազմում հանդես է գալիս աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը և հանրահայտ գրոսմայստեր Վիդիթ Գուջրաթին: Եզրափակչին Անանդը չէր մասնակցում և նրան փոխարինել էր Ադհիբան Բաշկարանը: Նշենք, որ Pro Chess League –ի կանոնների համաձայն՝ թիմի 4 խաղացողների միջին գործակիցը չպետք է գերազանցի 2500 կետը:
 
Եզրափակչում Armenian Eagles թիմը հանդես էր գալիս հետևյալ կազմով՝ Հրանտ Մելքումյան, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյան և Արտակ Մանուկյան: Անհրաժեշտ է հատկապես ընդգծել Հրանտ Մելքումյանի մասնակցությունը եզրափակչին, ով այս օրերին հանդես է գալիս շախմատի Եվրոպայի առաջնությունում:
 
Ենթախմբի եզրափակիչն անցավ համառ պայքարում և ավարտվեց 8-8 հաշվով, սակայն հաղթող ճանաչվեց մեր թիմը, քանի որ շրջանային փուլում Armenian Eagles-ը գրավել էր առաջին հորիզոնականը:
Երեկ հայտնի դարձան նաև մյուս ենթախմբերի հաղթողները:
Կենտրոսնական ենթախմբում անսպասելիորեն հաղթանակ տոնեց Ljubljana Turtles թիմը: Ենթախմբի եզրափակչում նրանք հաղթեցին Մարսելի հզոր թիմին, որի կազմում հանդես էին գալիս Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Էթիեն Բաքրոն:
Ատլանտյան ենթախմբում հաղթանակն ուղեկցեց Սենթ Լուիսի թիմին, որի կազմում մշտապես հանդես է գալիս Ֆաբիանո Կարուանան, սակայն, հավակնորդների մրցաշարի մասնակցության պատճառով, այս անգամ նա բացակայում էր թիմի կազմից: Նշենք, որ Սենթ Լուիսի թիմից հանդես էր գալիս ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը:
 
Խաղաղօվկիանոսյան ենթախմբում հաղթող ճանաչվեց Chengdu Pandas հզոր չինական ակումբը, որի կազմում հանդես են գալիս հանրահայտ գրոսմայստերներ Յու Յանգին, Վան Յուն, Նի Հուան և Լի Չաոն:
 
Այս 4 թիմերը կվիճարկեն Pro Chess League –ի հաղթողի կոչումը, սակայն, ի տարբերություն մյուս բոլոր փուլերի, որոնք անցկացվում են համացանցի միջոցով, եզրափակիչը տեղի կունենա Սան Ֆրանցիսկո քաղաքում: Մրցաշարը կանցկացվի ապրիլի 7-ին և 8-ին:
 
Նոյյան տապան  -   Սպորտ