Աշոտ Մանուկյանը երկօրյա աշխատանքային այցով Աշգաբադում էր


Աշոտ Մանուկյանը երկօրյա աշխատանքային այցով Աշգաբադում էր

  • 22-03-2018 17:15:05   | Թուրքմենստան  |  Մամլո հաղորդագրություն

  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-21-ն աշխատանքային այցով  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր:  
 
  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Թուրքմենստանի պետական նախարար Միրատ Արչաևը հանձնաժողովի անդամների հետ քննարկել են     անցյալ տարի Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Աշգաբադ-Երևան ուղիղ ավիաչվերթի բացման և կանոնավոր չվերթերի իրականացման արդյունքում զբոսաշրջության խթանման իրական հնարավորությունները և  կարևորել  չվերթերի  ավելացումը:
Անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, արտահանման խրախուսման, ուսանողների և մարզիկների փոխանակման ծրագրերին: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են  բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:
Երկու երկրների նախարարները քննարկել են նաև հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգն ու անցկացման հնարավոր ժամկետները, որը  տեղի կունենա 2018թ.-ին Աշգաբադում: 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն